Փեզեշքիանը հրահանգել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ – Armenia Today

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ սկսելու վերաբերյալ: Այս մասին փետրվարի 2-ին հայտնել է Iz.ru-ն՝ հղում անելով Fars գործակալության աղբյուրը։

Նշվում է, որ բանակցությունները նվիրված կլինեն բացառապես Թեհրանի միջուկային ծրագրին: Գործակալության տեղեկություններով՝ այս որոշումը հնարավոր է դարձել հանդիպումների 5 շրջանից հետո:

«Իրանը բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություններ պետք է սահմանափակվեն միջուկային շրջանակներով և անցկացվեն առանց որևէ սպառնալիքի»,- նշել է գործակալությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 31-ին ասել էր, որ չի բացահայտի Իրանի հետ կապված իր ծրագրերը: 

Իր հերթին Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին փետրվարի 1-ին հայտնել էր, որ իր երկրին ուղղված ամերիկյան նոր ագրեսիան կարող է հանգեցնել տարածաշրջանային հակամարտության: Նա նաև նշել է, որ պետությունը որևէ մեկի հետ ռազմական բախումներ չի սկսում, սակայն հարձակման դեպքում պատրաստ է հզոր հակահարված տալ:

Leave a Comment