2 փետրվարի 2026 – 18:36 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի և խորվաթական «Օսիեկ» ակումբի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը շատ մոտ է տեղափոխությանը գերմանական «Նյուրնբերգ», հայտնել է Kicker պարբերականը՝ հղում անելով Sportske Novosti-ին։
Հաղորդվում է, որ առաջիկայում կողմերը պատրաստվում են պաշտոնապես հայտարարել 22-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին, գրում է Factor.am-ը:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նյուրնբերգը» բաժանվել է մի շարք պաշտպաններից՝ Ռոբին Կնոխե, Օնդրեյ Կարաֆիատ և Թիմ Դրեքսլեր։ Ակումբը այժմ փորձում է համալրել պաշտպանական գիծը։
«Նյուրնբերգի» գլխավոր մարզիչն է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և Մյունխենի «Բավարիայի» երբեմնի հարձակվող Միրոսլավ Կլոզեն։
Ակումբը հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում՝ 2-րդ Բունդեսլիգայում։ 20 տուրից հետո թիմն ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։
Ստյոպա Մկրտչյանը խորվաթական «Օսիեկ» էր տեղափոխվել 2023 թվականի հուլիսին՝ Երևանի «Արարատ-Արմենիայից»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդիպման։
Ըստ Transfermarkt պորտալի՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 400 հազար եվրո։
Հայաստանի ազգային հավաքականում պաշտպանը նորամուտը նշել է 2022 թվականին և մինչ օրս հանդես է եկել 23 խաղում։