ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։ Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այսօր հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և «Կրթություն 2026» նախարարական համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Իսրայելի հետ կրթության ոլորտում համագործակցության խորացմանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առկա են փոխլրացնող ներուժ և համագործակցության լայն հնարավորություններ՝ հատկապես նորարարական և տեխնոլոգիական կրթության ուղղություններով։
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, մասնավորապես՝ արհեստական բանականության ուսուցման ներդրումն ավագ դպրոցներում: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականից Հայաստանում մեկնարկել է «ԱԲ ՍԵՐՈՒՆԴ» կրթական բազմամակարդակ ծրագիրը, որի նպատակն է ստեղծել արհեստական բանականության գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած ավագ դպրոցից մինչև հետբուհական մակարդակ: Կրթական համակարգում որպես ԱԲ ինտեգրման հաջողված օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է նաև «STEP.ai» գիտության տեխնոլոգիայի կրթական ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թ. մասնավոր հատվածի անմիջական նախաձեռնությամբ և 2024 թ. սկսած պետության անմիջական ներգրավմամբ ընդլայնել է շրջանակը՝ ներառելով ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ:
Կողմերը քննարկել են ուսումնական ծրագրերի մշակման, ուսուցիչների վերապատրաստման, STEM կրթության, թվային գրագիտության և նորարարական դասավանդման մեթոդների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական և մասնագիտական կրթության զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներական մասնագիտությունների և թվային հմտությունների ուղղություններով համատեղ ծրագրերի նախաձեռնմանը, ինչպես նաև մասնագետների փոխանակմանը վերաբերող հարցերին։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը՝ ընդգծելով երկրի առաջավոր փորձը ոչ ֆորմալ կրթության ոլորտում և ներկայացնելով Թումո կենտրոնի գործունեության մոդելը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտահետազոտական համագործակցությանը, ակադեմիական փոխանակման ծրագրերին, միջբուհական կապերի զարգացմանը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և ակադեմիական քաղաքի նախագիծը՝ ընդգծելով, որ բարեփոխումներով մեծ տեղ է տրվում նաև ոլորտի միջազգայնացմանն ու օտարերկրյա գործընկերների ներգրավմանը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը խորացնելու կրթության ոլորտում երկկողմ, երկարաժամկետ համագործակցությունը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: