Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ին դիմում է Կտրիճ Ներսիսյան անուն- ազգանունով, բացի այդ նա հայտարարել է, որ Գարեգին Բ-ի ոչ մի որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում: Սակայն, պարզվում է, հենց Նիկոլ Փաշինյանն է դեմ գնում ՀՀ-ի պաշտոնական տեսակետին:
Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում Կտրիճ Ներսիսյան անուն-ազգանունով մարդ գոյություն չունի, և Ամենայն հայոց հայրապետի անուն-ազգանունը անձնագրով Գարեգին Բ Ներսիսյան է: Վերջին շրջանում կաթողիկոսի տվյալները հեռացվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից, ուստի գրավոր հարցում էինք ուղարկել Ներքին գործերի նախարարությանը՝ նախ հարցնելով, թե ինչո՞ւ են Վեհափառ հայրապետի տվյալները բացակայում ընտրողների ռեգիստրից և ինչ անուն-ազգանուն է գրված Ամենայն հայոց կաթողիկոսի անձնագրում:
Մեր հարցումից հետո կաթողիկոսի տվյալները հայտնվեցին ընտրողների ռեգիստրում, և կրկին հաստատվեց, որ Կաթողիկոսի անուն – ազգանունը Գարեգին Բ Ներսիսյան է:
Այս հարցի առնչությամբ ՆԳՆ-ն հետևյալ պարզաբանումն է տվել. « «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը տարին երկու անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը՝ ըստ համայնքների, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար։ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է։
Այս առումով հարկ է նշել, որ 2025թ․ նոյեմբերին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացվել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը, որտեղ ընդգրված են եղել նաև Ձեր կողմից նշված անձի տվյալները»,- ասված է ՆԳՆ պատասխանում:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ անուն- ազգանուն է նշված Կաթողիկոսի անձնագրում, ՆԳՆ-ից չեն պատասխանել՝ պատճառաբանելով. « «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներից ելնելով՝ նշված տեղեկատվությունը տրամադրելու հիմքեր առկա չեն»:
Վկայակոչված օրենքը ոչ մի արգելք չի սահմանում առանց այդ էլ հանրամատչելի տեղեկությունը տրամադրելու համար: Արդյունքում պարզ է դառնում, որ ՆԳՆ-ն ուղղակի խուսափել է Փաշինյանի ասածին հակադրվող պատասխան տրամադրելուց: