Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP


Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում գործազրկության տենդենցներին, հռետորական հարց է ուղղել լրագրողներին, ապա ինքն էլ պատասխանել.

«Ձեր կարծիքով՝ որքա՞ն է եղել գործազրկությունը 2007 թվականի վերջին։ Չգիտե՞ք՝ 7․1 տոկոս։ Հիմա գործազրկությունը 14 տոկոս է․․․»։

«Փաստերի ստուգման հարթակն» (FIP) ուսումնասիրել է երկրորդ նախագահի հնչեցրած թվային ցուցանիշները ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համատեքստում։

Նախ հարկ է նշել, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն գործազրկության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է հաշվարկման երկու մեթոդաբանությամբ․

  • Հայաստանի տնային տնտեսություններում իրականացված հետազոտությունների հիման վրա՝ համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից ընդունված չափանիշների,
  • ըստ օրենքով սահմանված կարգի՝ պաշտոնապես գրանցված գործազուրկների, որի տվյալների աղբյուրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է։

1․ ԱՄԿ մեթոդաբանությամբ գործազրկության մակարդակի  համեմատություն

Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի վիճակագրական ամենաթարմ տարեգիրքը թվագրված է 2025 թվական և ներկայացնում է 2024 թվականի տարեկան արդյունքները։ Տարեգրքում աշխատուժի հետազոտության արդյունքներով աշխատանքի շուկայում բնակչության մասնակցությանը վերաբերող տվյալները ներկայացված են 15-74 տարեկան (ներառյալ) բնակչության կտրվածքով։

Ըստ այդմ՝ Հայաստանում գործազրկության մակարդակը 2024 թվականին կազմել է 13․4 %։

Նախորդ տարիներին այս ցուցանիշը եղել է՝

2023 թ․ – 12․4 %

2022 թ․ – 13․5 %

2021 թ․ – 15․5 % 

2020 թ․ – 18․2 % 

2019 թ․ – 18․3 % 

2018 թ․ – 19 %։

image1.jpg (89 KB)

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով գործազրկության մակարդակին և համադրելով այն ներկայիս ցուցանիշների հետ, որպես համեմատության հիմք նշում է 2007 թվականին արձանագրված 7․1% ցուցանիշը՝ չբացահայտելով մի կարևոր հանգամանք․ նախկին նախագահի հնչեցրած 7․1%-ը վերաբերում է Վիճակագրական կոմիտեի կիրառած երկրորդ մեթոդաբանությանը, որին կանդրադառնանք ստորև։

Մինչդեռ ԱՄԿ մեթոդաբանությամբ հաշվարկված տվյալների համաձայն՝ 2007 թվականին գործազրկության մակարդակը կազմել է 28․4 տոկոս։

image3-1.png (155 KB)

Ի դեպ, 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով՝ ԱՄԿ մեթոդաբանությամբ տնային տնտեսություններում իրականացված հետազոտության արդյունքներով գործազրկության մակարդակը եղել է 11․8 % 2024-ի նույն ժամանակահատվածի 13․3-ի դիմաց։

image2-1.png (31 KB)

2․ Պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակի համեմատություն

Նույն վերոնշյալ աղյուսակի համաձայն՝ պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը 2007 թվականին կազմել է 7 %։

2024 թվականին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 37 հազար 572 մարդ, ինչը հաշվարկված 1 մլն 357 հազար 300 հոգանոց աշխատուժի 2․76 տոկոսն է։

Նախորդ տարիներին պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը եղել է՝
2023 թ․ – 3․4 %
2022 թ․ – 3․7 %
2021 թ․ – 4․5 %
2020 թ․ – 4․7 %
2019 թ․ – 4․68 %
2018 թ․ – 4․99 %։

Այսպիսով, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած պնդումները՝ գործազրկության մակարդակի վերաբերյալ, հիմնված են տարբեր մեթոդաբանություններով հաշվարկված ցուցանիշների ընտրովի համադրման վրա և չեն արտացոլում վիճակագրական ամբողջական պատկերը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

75 դիտում

Leave a Comment