Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու


«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026 թվականի հայտադիմումների ընդունման մեկնարկը։

Այս մասին հայտնել է հիմնադրամը։

«Դիմումները կընդունվեն 2026թ․ փետրվարի 2-ից մինչև փետրվարի 25-ը ներառյալ։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն ընտանիքները, որոնք՝

• 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված են,
• մշտական բնակություն են հաստատել ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Փամբակ, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Աշտարակ խոշորացված համայնքներում,
• ունեն ՀՀ քաղաքացիություն
• ունեն առնվազն 200 քմ մակերեսով սեփական տարածք՝ ջերմատուն կառուցելու համար,
• ունեն ջրի հասանելիություն ջերմատան տարածքին մոտ (ջրի հեռավորությունը չպետք է գերազանցի 50 մետրը):

Նախապատվությունը կտրվի բազմազավակ ընտանիքներին։

Դիմելու համար լրացրե՛ք հետևյալ հայտը

Նախաձեռնության նպատակն ու շարունակությունը

«Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության նպատակն է նպաստել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների գյուղատնտեսական կարողությունների և բիզնես մտածելակերպի զարգացմանը, նրանց տնտեսական կայունացմանը, համայնքային ինտեգրմանը և ՀՀ-ում մշտապես հաստատմանը։

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների՝ նախաձեռնության նկատմամբ բարձր պահանջարկը՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ՝ 2026թ․-ին կշարունակի իրականացնել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը ևս 20 ընտանիքի ընդգրկմամբ։
Յուրաքանչյուր մարզում կկառուցվեն և ընտրված շահառու ընտանիքներին կտրամադրվեն 200 քմ մակերեսով ջերմատներ։

Եթե դուք համապատասխանում եք նշված չափանիշներին կամ ճանաչում եք ընտանիքներ, որոնց համար այս ծրագիրը կարող է կարևոր հնարավորություն դառնալ, խրախուսում ենք դիմել և տարածել տեղեկատվությունը։

Նախաձեռնության մասին (2024-2025 թթ․)

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը Կիպրոսի կառավարության տրամադրած դրամաշնորհի շրջանակում աջակցել է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ապարան և Լոռու մարզի Սպիտակ, Ալավերդի, Փամբակ համայնքներում մշտական բնակություն հաստատած 20 ընտանիքի՝ տրամադրելով 250 քմ մակերեսով ամբողջությամբ կահավորված ջերմատներ, ինչպես նաև սերմեր և սածիլներ՝ ջերմատնային աշխատանքները սկսելու համար։

Ջերմատների կառուցման աշխատանքներն իրականացվել են 2024թ․-ի նոյեմբերի 1-ից մինչև 2025թ․-ի մայիսի 1-ը, որից հետո հիմնադրամի աշխատակիցները պարբերաբար իրականացրել են մշտադիտարկման այցեր՝ գնահատելու շահառու ընտանիքների ներգրավվածությունը ջերմատնային տնտեսության աշխատանքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

155 դիտում

Leave a Comment