2 փետրվարի 2026 – 17:24 AMT
PanARMENIAN.Net – Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը, ասուլիսում անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից կայացված վճռին, նշել է, որ չնայած հայցը մերժվել է, դատարանը կատարել է մի շարք էական իրավական արձանագրումներ։
Ըստ Երիցյանի՝ դատարանն արձանագրել է ամենակարևոր փաստը. «Ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որևէ փաստաթղթի ստորագրումը ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող, առոչինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից»,-հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ դատարանն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ներքո։
Նրա խոսքով՝ դատարանը հստակ արձանագրել է, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը չնայած դրանով չի արատավորվում, սակայն դասագրքում ներկայացված տվյալներն ամբողջական չեն։ Դատարանն ընդգծել է, որ Շահրամանյանի մտահոգությունները տեղին են և իրավաչափ։
«Այսպես ասած՝ դատարանը կրթության նախարարության ուշադրությունն է հրավիրել այս հանգամանքների վրա, կարելի է ասել, առաջարկել է տեղեկությունների ամբողջական ներմուծում դասագրքի մեջ»,- ասել է փաստաբանը։
Ռոման Երիցյանը կարևորել է նաև դատարանի մեկ այլ արձանագրում. «Դատարանն արձանագրել է, այսինքն մենք ունենք Հայաստանի արդարադատությունն իրականացնող մարմնի կողմից կայացված դատական ակտ, որով հաստատվում է՝ Արցախի նախագահի կողմից այսպես ասած, կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն առ ոչինչ է։ Դատարանը հստակ արձանագրել է՝ անվավեր է հենց կայացման պահից։
Հասե՞լ ենք արդարության, թե՞ ոչ։ Կարելի է արձանագրել, որ որոշակիորեն արդարության հասել ենք, որովհետև դատարանն արձանագրում է՝ նախ հրամանագրով տեղ գտած տեղեկություններն իրականությանը ոչ լրիվ համապատասխանելու վերաբերյալ հանգամանքը, նշում, որ տեղեկությունները պետք է համալրվեն, դատարանն արձանագրում է, որ նման հրամանագիրն առ ոչինչ է, այն կայացվել է ուժի կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ։
Հայցը մերժելով ասել, որ Սամվել Շահրամանյանը պարտություն է կրել այս գործով՝ ճիշտ չէ, ճիշտ հակառակը՝ հասել է նրան, ինչ փաստացի ցանկացել է: Հասել ենք նրա, որ այդ հրամանագիրը դատական ակտով համարվել է առ ոչինչ, արձանագրվել է տեղեկությունների ոչ ամբողջական ու ճշգրիտ լինելը»,- ասել է Երիցյանը։
Նա հավելել է, որ սպասում են վճռի օրինական ուժի մեջ մտնելուն, որից հետո համապատասխան դիմում կուղարկեն ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով հաշվի առնել դատարանի արձանագրած հանգամանքները։ Մասնավորապես՝ դասագրքում ներկայացնել ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե ինչպես և ինչ պայմաններում է ստորագրվել նշված հրամանագիրը։
2025 թ. սեպտեմբերին Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Արցախի նախագահի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացվել է հայց ու հայցի ապահովման միջնորդություն՝ նշելով, որ «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատասխանում իրականությանը։