2025 հունվարին Արմավիրի մարզում 18-ամյա Վարդան Տեր-Հարությունյանին ընտանիքը քեֆ-ուրախությամբ ճանապարհեց հայկական բանակ՝ ժամկետային ծառայության։ Սակայն մի քանի ամիս անց ընտանիքը կանգնեց դժվար և բարդ խնդրի առաջ։
Վարդանի մայրը՝ Աշխեն Տեր-Հարությունյանը, ասում է՝ առողջ տղա է ուղարկել բանակ, բայց մի քանի ամիս անց իրեն տվել են բոլորովին այլ մարդ՝ հիվանդությամբ, այն էլ՝ հոգեկան առողջության հետ կապված։
«Նախորդ տարի հունվարին Վարդանին կամիսիաների կանչեցին, հետազոտեցին, հետո ասացին, որ ծառայության պիտանի է՝ տարան բանակ։ Ծառայությունից 3 ամիս անց իմացանք որ տղաս վատ է, ու նրան միանգամից տեղափոխել են «Կանազի» հոգեբուժարան, դրա մասին մեզ տեղյակ չէին պահել։ Իր հետ եղած տղաներից են զանգահարել ու ասել, որ Վարդանին տեղափոխում են հիվանդանոց, բայց չեն ասել, թե կոնկրետ որտեղ։ Հարազատներս զանգահարել են «թեժ գիծ», միայն այդ օրը երեկոյան է հաջողվել ճշտել, թե այդ անուն-ազգանունով տղային ուր են տարել։ Գնացել ենք հոգեբուժարան, բժշկին հարցնում ենք՝ մեր առողջ տղային ինչո՞ւ եք բերել հոգեբուժարան, ասաց. «Մոտը ինչ-որ բաներ է հայտնաբերվել, տղա երեխա է, գուցե հուզմունքից է եղել, վախից»։
Զարմացել ենք, ասում ենք՝ միանգամից ինչո՞ւ եք բերել հոգեբուժարան, բայց դե իրենք ամեն ինչի «տակից» կարողանում են դուրս գալ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Աշխենը։
Ըստ մեր զրուցակցի, իր տղային մոտ 20 օր պահել են հոգեբուժարանում, այնուհետև տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, նկարել են գլուխը, հետո փոխանցել, որ Վարդանը ինսուլտ է տարել և գլխի վրա գոյացություն կա։
«Մեզ փոխանցեցին, որ պետք է բիոպսիա անեն, որպեսզի հասկանան՝ ինչ է եղել։ Մի քանի օր բուժում իրականացրեցին ու Վարդանին ուղարկեցին տուն՝ մայրական խնամքի։ Բայց մինչ այդ մեզ ասացին, որ կարգն այնպիսին է, որ հետ պիտի ուղարկեն հոգեբուժարան, այնտեղից հետո՝ մայրական խնամքի, բայց որևէ տեղ բիոպսիա չեն արել, դրանից հաշված օրեր անց Վարդանի զինվորական գրքույկը տվեցին, ասացին՝ «նիգոդնի» է՝ ոչ պիտանի ծառայության»,- հավելեց մեր զրուցակիցը։
Աշխեն Տեր-Հարությունյանն արդեն մեկ տարի է՝ ունի բազմաթիվ հարցեր, բայց այդ հարցերի պատասխանները չի կարողանում գտնել։ Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ առողջ տղան անցնում է բուժզննում, տանում են բանակ, հետո խնդիրներով ուղարկում հետ՝ ասելով, որ ծառայության պիտանի չէ։ Եթե ծառայության պիտանի չէր, ինչպե՞ս էին բանակ տարել։
«Ես չգիտեմ՝ իմ տղայի հետ ինչ է կատարվել, մենք գնացինք, որպեսզի մեր ուժերով բիոպսիա անենք Վարդանի գլուխը, բայց «Աստղիկ» ԲԿ-ում բոլոր թղթերը տեսնելուց հետո ասացին, որ չեն կարող անել՝ գոյացությունը շատ վտանգավոր տեղում է գտնվում։ Հետաքրքրվել ենք, բիոպսիայի համար 750-800.000 դրամ է անհրաժեշտ, որը մենք չունենք։ Բա ժամկետային զինծառայող էր, ինչո՞ւ անվճար դա չարեցին, միանգամից «ծածկադմփոց» արեցին, հիվանդանոցից ուղարկեցին տուն ու զինվորական գրքույքը տվեցին։
Վարդանը լավ չէ, երկու օր առաջ ոտքերը թուլացել է, ընկել է, իրեն շատ թույլ է զգում։ Մենք հարցնում ենք՝ ի՞նչ է եղել բանակում, ասում է՝ ոչ մի բան, վատ էի զգում, տարան հոգեբուժարան, բան չի խոսում։ Վարդանին նույնիսկ կարգ չեն տալիս, դիմել ենք ՊՆ-ին, մեզ ասել են, որ՝ բոլոր թղթերը հավաքեք, մեզ ուղարկեք, բայց ՊՆ-ն կարգ չի տալիս։
Բժիշկը մեզ ասում է՝ եթե ուզում եք, որ կարգ տան, պետք է տանեք, մի քանի օր պառկի «Ավանի» հոգեբուժարանում, բայց մեր երեխան ինչո՞ւ պիտի պառկի հոգեբուժարանում»,- շեշտեց Աշխեն Տեր-Հարությունյանը։
Նա հայտնեց, որ Վարդանը ծառայել է Վանաձորի զորամասերից մեկում։
Տիկին Աշխենը միայնակ է մեծացնում իր 7 երեխաներին՝ 4 աղջիկ և 3 տղա, մեծ տղան մասնակցել է 44-օրյա պատերազմին, ամուսինը մահացել է, ընտանիքը նպաստ չի ստանում, չունի որևէ օգնող ուժ։ Այս պահին ընտանիքն ունի աջակցության կարիք, որպեսզի կարողանա գոնե Վարդանի բիոպսիան անի։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ենք ակնկալում նաև Պաշտպանության նախարարությունից, որը ստանալուն պես կհրապարակենք։
Հ.Գ. Վարդանին օգնելու համար ընտանիքը տրամադրել է հաշվեհամար՝ FAST BANK 4335440003618051, ստացող՝ Հեղինե Ադամյան