Հասարակություն
02.02.2026 | 16:32
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հարցաքննվել է։ Հարությունյանն այս մասին հայտնեց Factor.am-ի հետ զրույցում։ Նրա լիազորություններն այժմ կասեցված են։
«Մեղադրանքին ծանոթացել եմ, դիրքորոշում եմ հայտնել, որ մեղադրանքի հետ համաձայն չեմ։ Մանրամասն ներկայացրել եմ փաստական բոլոր ապացույցները, որոնք ամբողջությամբ հերքում են մեղադրանքը»,- ընդգծեց Հարությունյանը։
Երեկ Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնել էին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հարությունյանի նկատմամբ և որպես խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
Վազգեն Հարությունյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել գնումների գործընթացի վերաբերյալ՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը, սակայն ընդգծեց, որ հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
«Մրցույթի ժամանակ մասնակից ընկերությունն օրենքով սահմանված փաստաթղթերը չի ներկայացրել, դրա համար պայմանագիրն օրենքով սահմանված կարգով խզվել է։ Ընկերությունն էլ դիմել է դատարան և բողոքարկել արդյունքները։ Չեմ ուզում մանրամասներին անդրադառնալ, որպեսզի նախաքննական գաղտնիք չբացահայտեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ դա այդպես չէ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը՝ իմ գլխավորությամբ, գործել է բացառապես օրենքի շրջանակում՝ հօգուտ Երևանի: Այդ բոլոր փաստերը ներկայացվել են»,- պնդեց լիազորությունները կասեցված պաշտոնյան։
Հիշեցնենք՝ «Հետք»-ը գրել էր, որ «Իմպեքս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 2023թ. փետրվարին կնքվել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման պայմանագիր: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները: Հենց սա էլ քրեական վարույթ նախաձեռնելու հիմք է հանդիսացել։
Արփի Հակոբյան