2 փետրվարի 2026 – 15:24 AMT
PanARMENIAN.Net – ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջերս ստացել է տեղեկություն Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ռ․Դ․-ի մասին, ով հնարավոր է Հայաստան մաքսանենգ եղանակով թմրամիջոց է տեղափոխել։ Իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ռ․Դ․-ն նույն օրը ժամանել է Վիեննա-Երևան չվերթով ու կանգ առել Երևանի հյուրանոցներից մեկում։
Որոնողական գործողությունների արդյունքում նա հայտնաբերվել և բերվել է մաքսային հսկողության գոտի, որտեղ ռենտգենային սարքով անցկացված զննման ժամանակ նրա որովայնում հայտնաբերվել են տարօրինակ օտար մարմիններ։ Քաղաքացին տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժշկական միջամտության արդյունքում նրա մարմնից դուրս են բերվել 50 պատիճ՝ 845 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցով։
Թմրամիջոցների ապօրինի ներկրման անմիջականորեն առաջացած հիմնավոր կասկածի հիմքով Ռ․Դ․-ն կալանավորվել է։
Պարզվել է նաև ներմուծված թմրամիջոցի հնարավոր իրացման կազմակերպիչների ինքնությունը Հայաստանի տարածքում։ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում, Երևանի մի հասցեում թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն առաջացած կասկածի հիմքով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են բերվել ևս երկու քաղաքացիներ։
Ռ․Դ․-ն, Ա․Պ․-ն և Ս․Մ․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածներով նախաձեռնված վարույթի շրջանակում նրանք ձերբակալվել են, իսկ նրանց բնակության վայրերում կատարվել են խուզարկություններ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։