Կրթության տեսչական մարմինը 2025 թվականին 101 ստուգում է իրականացրել։ Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը:
Նրա խոսքով՝ ստուգումներից 17-ն իրականացվել են նախադպրոցական հաստատություններում, 67-ը՝ դպրոցներում (ընդ որում՝ 60-ը եղել են պլանային, 7-ը՝ ըստ բողոքների), իսկ 17-ը՝ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում։ Նշված ժամանակահատվածում տեսչական մարմինը ստացել է 195 բողոք, որոնցից 159-ը վերաբերել են դպրոցներին։ Բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը՝ վերահասցեագրվել, 64-ի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, իսկ մի մասն ընթացքի մեջ է։
Ինչպես նշել է Մատիկյանը, բռնության դեպքերին կամ դրամահավաքին առնչվող բողոքները փոխանցվում են իրավապահ մարմիններին։
Պարբերաբար անցկացվում են լսումներ, վերահսկողություն է իրականացվում ներառական կրթության նկատմամբ, ընդ որում՝ գնահատվում է ինչպես ֆիզիկական միջավայրը, այնպես էլ մանկավարժների մասնագիտական հմտությունները։
Անցյալ տարի իրականացվել է 10 տարեկան երեխաների ընթերցանության մակարդակի գնահատում, որի արդյունքների համաձայն՝ բարձրաձայն ընթերցանության համար ներկայացված երկու տեքստերը 905 աշակերտներից «գերազանց» է հաղթահարել 10 տոկոսը, «լավ»՝ 20 տոկոսը, իսկ 38 տոկոսը՝ «անբավարար»։
Նախադպրոցական հաստատություններում ամենահաճախ հանդիպող խախտումները վերաբերում են զարգացնող միջավայրին։ Դպրոցներում խնդիրները կապված են բարենպաստ մթնոլորտի ստեղծման հետ, ինչը բխում է տնօրենի գործառույթներից։ Կան բողոքներ նաև գրադարանների համալրման և գործնական պարապմունքների անբավարար քանակի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է անգլերենի միասնական քննության (ՄՔ) ժամանակ տեղի ունեցած վերջին սկանդալային միջադեպին, ապա այդ իրավիճակը դուրս է տեսչական մարմնի գործառույթների շրջանակից, հայտնել է Վաղարշակ Մատիկյանը։

