Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային հակամարտության։
«Ամերիկացիները պետք է իմանան՝ եթե նրանք սկսեն պատերազմ, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ», – ասել է Խամենեին։
Ըստ նրա. «Թրամփն անընդհատ ասում է, որ նա նավեր է բերել… Իրանական ժողովուրդը չի վախենա նման բաներից»։
Այս խոսքերը հնչել են այն ֆոնին, երբ ԱՄՆ-ը տարածաշրջան է ուղարկել USS Abraham Lincoln ավիակիրը, իսկ Իրանը սկսել է ռազմածովային զորավարժություններ Օրմուզի նեղուցում։
Նեղուցի ամենանեղ հատվածում (Իրանի և Օմանի միջև) լայնությունը կազմում է մոտ 33 կմ։ Այդ հատվածով անցնում է աշխարհի նավթի առևտրի մոտավորապես մեկ հինգերորդը։ Անցյալում Իրանը բազմիցս սպառնացել է փակել նեղուցը՝ հարձակման դեպքում։
