Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը ամփոփել է 2025 թվականի աշխատանքը

2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստացել է շուրջ 654 դիմում-բողոք, գրություն, որոնցից շուրջ 211՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում։ Iravaban.net-ը  տեղեկանում է Դատական իշխանության պաշտոնական կայքից;

Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու նպատակով հրավիրված և անցկացված նիստերի ընթացքում իրականացրել է ստացված դիմում-բողոքների, հաղորդումների ուսումնասիրություններ, հարուցված կարգապահական վարույթների և Հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ հարցերի քննարկումներ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով շուրջ 163, այդ թվում նաև՝ 2024 թվականին ստացված և 2025 թվականին քննարկված 47 հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է հաղորդում ներկայացրած անձանց՝ պատասխանում նշելով կարգապահական վարույթ չհարուցելու հիմքերը:

2025 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից հարուցվել է 21 կարգապահական վարույթ, որից 16-ով հարուցման առիթ են հանդիսացել անձի, 5-ով՝ պաշտոնատար անձանց հաղորդումները: Հարուցված կարգապահական վարույթներից 13-ը կարճվել է4-ը դեռևս չի ավարտվել, իսկ 4-ով որոշում է կայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:

Հանձնաժողովը 2025 թվականի ընթացքում կարճել է դեռևս 2024 թվականի ընթացքում հարուցված և չավարտված 1 կարգապահական վարույթ, նույն ժամանակահատվածում չավարտված 1 կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բավարարվել է, և դատավորին հայտարարվել է նկատողություն: Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին որոշման վերաբերյալ Հանձնաժողովի մեկ դատավոր անդամի կողմից հայտնվել է հատուկ կարծիք՝ համարելով, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

2025 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված չորս միջնորդություններից՝

1) Թիվ N-Կ-2/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով, որը դրսևորվել է քրեական մասնագիտացման դատավորի կողմից քրեական գործի ողջամիտ ժամկետում քննությունն ապահովելու դատավարական պարտականության չկատարման ձևով, որի արդյունքում անցել են ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Հիշյալ վարույթի քննարկման արդյունքում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշմամբ Հանձնաժողովը հաստատված է համարել այն հանգամանքները, որ քրեական գործը դատավորի վարույթում քննվել է ավելի քան երեք տարի և մեկ ամիս, որի ընթացքում նշանակվել է ավելի քան 28 դատական նիստ, որից 19-ը հետաձգվել է, դրանցից 6 դատական նիստը չի կայացել դատավորի անձի հետ կապված տարբեր պատճառներով, մասնավորապես՝ երեք դատական նիստ հետաձգվել է դատավորի արձակուրդում գտնվելու, մեկական նիստեր՝ աշխատանքային ծանրաբեռնվածության, ժամանակավոր անաշխատունակության և մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառներով: Արդյունքում՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ դատավորը, ունենալով քրեական գործի արդարացի և ողջամիտ ժամկետում քննությունն ապահովելու դատավարական պարտականություն, առերևույթ պատշաճ ջանասիրություն չի դրսևորել և անհրաժեշտ ու բավարար միջոցներ չի ձեռնարկել քրեական գործը ողջամիտ ժամկետում քննելու, դատական նիստերի հետաձգումներից խուսափելու կամ դրանք չհետաձգելու և գործն ըստ էության՝ մինչև վաղեմության ժամկետի լրանալը լուծելու ուղղությամբ, որի արդյունքում անցել են նշված գործով ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները՝ դրանով իսկ զերծ չմնալով դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ակնհայտորեն վտանգելով դատարանի՝ որպես անաչառ ինստիտուտի մասին հանրային ընկալումը, որոնք կատարվել են կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանձնաժողովի թիվ N-Կ-2/2025 միջնորդությունը մերժվել է՝ որոշման կայացման պահին դատավորի լիազորությունները դադարեցված լինելու հիմքով։

2) Թիվ N-Կ-4/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով, որը դրսևորվել է նրանում, որ քրեական մասնագիտացման դատավորը՝ որպես քրեական վարույթն իրականացնող մարմին, պարտականություն ունենալով իր վարույթում գտնվող քրեական գործի քննության ընթացքում ապահովել անձի հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումը, այդ թվում նաև՝ գործով մեղադրյալի հարցաքննության ընթացքում վերջինիս բացատրել լռություն պահպանելու կամ ցուցմունք տալու, իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի, իր ցուցմունքը որպես ապացույց օգտագործվելու հնարավորության, ինչպես նաև ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, միջոցներ չի ձեռնարկել նշված իրավունքներն ու պարտականությունները բացատրելու ուղղությամբ, ավելին, պարտավորեցրել է մեղադրյալին պատասխանել հարցաքննության ընթացքում հնչեցված հարցադրումներին՝ դրանով իսկ անգործություն դրսևորելով դատավորի կարգավիճակից բխող իր պարտականությունների իրականացման նկատմամբ և խախտելով վերջինիս անմեղության կանխավարկածի սկզբունքը: Ընդ որում, նշված խախտումները ենթադրաբար անմիջականորեն հանգեցրել են մեղադրյալի դատական պաշտպանության իրավունքի խախտման և խաթարել արդարադատության բուն էությունը, վարկաբեկել դատական իշխանությունը և նվազեցրել դատական իշխանության անաչառության նկատմամբ հանրության վստահությունը: Հիշյալ վարույթի քննարկման արդյունքում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշմամբ Հանձնաժողովն ընդգծել է, որ մեղադրյալի հարցաքննության ընթացքում, չպարզաբանելով վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ լռություն պահպանելու կամ ցուցմունք տալու, իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի, իր ցուցմունքը որպես ապացույց օգտագործվելու հնարավորության մասին, չնախազգուշացնելով ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, պարտավորեցնելով մեղադրյալին պատասխանել հարցաքննության ընթացքում հնչեցված հարցադրումներին, խախտել է անձի՝ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և քրեադատավարական օրենսդրությամբ պաշտպանվող հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Հանձնաժողովն արձանագրել է, որ դատավորի նման վարքագիծն անմիջականորեն հեղինակազրկել է դատական իշխանությունընվազեցրել դատարանի և դատական իշխանության անաչառության նկատմամբ հանրության վստահությունը, քանզի դատական վարույթի ընթացքում կրելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները հարգելու և պաշտպանելու հանրային իշխանության պարտականությունները, սահմանափակված լինելով դրանցով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, դատարանը, ի դեմս՝ դատավորի, պարտավոր էր առավել զգուշավորություն ցուցաբերել ոչ միայն մեղադրյալի հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու, այլև իր գործողություններով դրանց ցանկացած խախտումներից զերծ մնալու ուղղությամբ: Հանձնաժողովը գտել է, որ դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները դատավորը կատարել է կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանձնաժողովի թիվ N-Կ-4/2025 միջնորդությունը բավարարվել է՝ դատավորին հայտարարվել է նկատողություն: Նկատողությունը հայտարարվել է այն հիմքով, որ դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու մասին վարքագծի կանոնի խախտման, որը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ:

3) Թիվ N-Կ-7/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քաղաքացիական մասնագիտացման դատավորը քննել և լուծել է քաղաքացիական գործն այն դեպքում, երբ դատավորի պաշտոնում նշանակվելուն նախորդող ժամանակահատվածում՝ շուրջ 11 տարի, ենթադրաբար աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նույն գործով պատասխանող ընկերության հետ: Դրանից բացի, դատարանի վճռում առկա չէ որևէ նշում, և Հանձնաժողովին չեն ներկայացվել տեղեկություններ դատավորի կողմից հիշյալ քաղաքացիական գործի քննության ընթացքում կողմերին իր և պատասխանող ընկերության փոխհարաբերությունների, այսինքն՝ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու, իր բացակայությամբ ինքնաբացարկի անտեսման հարցը քննարկելու առաջարկ ներկայացնելու, այն կողմերի կողմից անտեսվելու փաստերի վերաբերյալ: Հատկանշական է համարվել, որ կայացված վճռով դատարանը բավարարել է քաղաքացիական գործով պատասխանող ընկերության կողմից ներկայացված՝ հայցային վաղեմության հատուկ ժամկետ կիրառելու մասին միջնորդությունը և այդ հիմքով մերժել հայցվորի հայցը: Այսինքն՝ քաղաքացիական գործի քննության արդյունքում դատավորը եզրափակիչ դատական ակտ է կայացրել ի շահ պատասխանող ընկերության: Հիշյալ վարույթի քննարկման արդյունքում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշմամբ Հանձնաժողովը փաստել է, որ դատավորը, ունենալով մինչև նախնական դատական նիստի ավարտը կողմերին բացահայտելու ինքնաբացարկի հիմքերը, չի բացահայտել դատավորի պաշտոնում նշանակվելուն նախորդող ժամանակահատվածում՝ շուրջ 10-11 տարի, իր՝ քաղաքացիական գործով պատասխանող ընկերության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ, գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում, չի դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը՝ թույլ տալով դատավորի՝ ի պաշտոնե գործելիս վարքագծի կանոնների և դատավարական նորմերի խախտումներ՝ դրանով իսկ խախտելով և վտանգելով նշված քաղաքացիական գործով կողմերի՝ անաչառ դատարանի կողմից գործի քննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը, վտանգելով դատարանի՝ որպես անաչառ ինստիտուտի մասին հանրային ընկալումը: Հանձնաժողովը գտել է, որ դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները դատավորի կողմից կատարվել են կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանձնաժողովի թիվ N-Կ-7/2025 միջնորդությունը մերժվել է՝ դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնի և/կամ դատավարական նորմի խախտում թույլ տրված չլինելու հիմքով: Սույն միջնորդության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի 4 իրավաբան-գիտնական անդամ ներկայացրել է հատուկ կարծիք՝ գտնելով, որ դատավորի գործողություններում առկա էին կարգապահական խախտման հատկանիշներ, և Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր էր բավարարել Հանձնաժողովի միջնորդությունը և դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ հաշվի առնելով, որ առկա է եղել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից ինքնաբացարկի օբյեկտիվ չափանիշի համար էական հիմքը՝ առնվազն կողմերի առջև բացահայտելու դատավորի և պատասխանող կողմի միջև նախկինում շուրջ 11 տարի գոյություն ունեցած հարաբերությունները, ինչն էլ ինքնաբացարկի հիմք կարող էր հանդիսանալ:

4) Թիվ N-Կ-15/2025 կարգապահական վարույթը հարուցվել է նյութական, դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով, որը դրսևորվել է նրանում, որ քրեական մասնագիտացման դատավորի կողմից, քրեական գործը քննության առնելիս, առերևույթ չեն պահպանվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի, 209-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ և 288-րդ հոդվածների պահանջները: Հանձնաժողովն ընդգծել է, որ վերը նշված նյութական և դատավարական նորմերի խախտման հետևանքով դատավորը, ըստ էության, դրսևորել է դատական իշխանությանը վարկաբեկող կամ վերջինիս անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ: Հիշյալ վարույթի քննարկման արդյունքում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշմամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ դատավորի կողմից միաժամանակ թվով 3 գործով թույլ տրված ակնհայտ և կոպիտ խախտումներն ինքնին իրենց համակցության մեջ առաջացրել են այնպիսի հետևանքներ, որոնք հեղինակազրկել են դատական իշխանությունը, քանի որ չի կարող իշխանությունը չհեղինակազրկվել, երբ երեք տարբեր գործերով դատավորը կայացնում է այդպիսի որոշումներ՝ չկիրառելով ուղղակիորեն դատավարական օրենքով սահմանված այնպիսի պահանջներ, որոնք չկիրառելը չի կարող հանդիսանալ օրենքի մեկնաբանության խնդիր, քանի որ դրանք օրենքով սահմանված իմպերատիվ ու պարտադիր այնպիսի պահանջներ են, որոնց մասին դատավորը պետք է տեղյակ լիներ՝ նախևառաջ Դատավորը գիտի օրենքը սկզբունքի ուժով: Ավելին՝ դատավարական նորմերի խախտումներն իրենց էությամբ հանգեցրել են այնպիսի վարքագծի կանոնների խախտման, որոնք ինքնին հեղինակազրկել են դատական իշխանությունը, քանի որ հասարակության կողմից կարող է ողջամտորեն ստեղծվել պատկերացում, որ առկա են դատավորի մասնագիտական պատրաստվածության, իրեն վերապահված հարցերը լուծելու համար անհրաժեշտ գիտելիքներ չունենալու կամ այդ հարցերը լուծելուց խուսափելու և այլ բացասական տպավորություններ ստեղծող խնդիրներ, առանց որոնց չեն կարող լինել որակյալ արդարադատություն ու հեղինակավոր դատական իշխանություն: Հանձնաժողովը գտել է, որ դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները դատավորի կողմից կատարվել են կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանձնաժողովի թիվ N-Կ-15/2025 միջնորդությունը բավարարավել է՝ դատավորի նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն: Խիստ նկատողությունը հայտարարվել է այն հիմքով, որ դատավորը թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերի համապատասխան վարքագծի կանոնների խախտման. արդյունքում՝ դատավորը չի լուծել իրեն վերապահված հարցերը, չի ապահովել անհրաժեշտ ու բավարար մասնագիտական պատրաստվածություն, չի ապահովել գործի ողջամիտ ժամկետում քննություն, և անձինք այդ գործերով ստիպված են եղել իրենց իրավունքները պաշտպանել վերադասության կարգով՝ դատական ակտերի բողոքարկման միջոցով: Նշված խախտումները դատավորը թույլ է տվել կոպիտ անփութությամբ: Սույն որոշման կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2 իրավաբան-գիտնական անդամ ներկայացրել է հատուկ կարծիք՝ գտնելով, որ դատավորի արարքի նկատմամբ կիրառելի է էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում տույժի տեսակը:

2025 թվականի ընթացքում հարուցված և կարճված կարգապահական տասներեք վարույթներից՝

  1. Թիվ N-Կ-1/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորը քննարկել և լուծել է էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով քննարկման ոչ ենթակա հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին միջնորդությունը՝ հայցվոր կողմին չընձեռելով դրան ծանոթանալու և դրա շուրջ դիրքորոշում արտահայտելու հնարավորություն, արդյունքում՝ բավարարելով այն: Նշված կարգապահական վարույթը կարճվել է՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ դատավորին վերագրված ենթադրյալ կարգապահական խախտումների կատարման մեջ վերջինիս մեղքի բացակայության հիմքով: Մասնավորապես, փաստվել է, որ, ունենալով տեղեկություն, որ միջնորդությունը մուտք է եղել էլեկտրոնային համակարգ, դրա օրինակը փոստի միջոցով հայցվորն արդեն ստացել է, դատավորը գտել է, որ միջնորդությունն առանց քննության թողնելու հիմքեր չկան, և որոշում է կայացրել նշանակել դատական նիստ այդ միջնորդությունը քննելու համար։ Մինչդեռ, դատավորը որևէ տեղեկություն չի ունեցել համակարգում միջնորդությունը հայցվորին հասանելի չլինելու տեխնիկական խնդրի առկայության և այդ մասին դատավորի մոտ տեղեկությունների բացակայության պայմաններում դատավորը չէր կարող գործել հակառակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի էլեկտրոնային եղանակով ներկայացված հայցերի ու միջնորդությունների քննության կապակցությամբ ամրագրված նորմերից բխող իրավաչափ կանխավարկածին, համաձայն որի՝ եթե միջնորդություն է ներկայացվում համակարգում, ապա այն պետք է հասանելի լինի հայցվորին՝ հաշվի առնելով, որ այս միջնորդության քննության մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չէր:
  2. Թիվ N-Կ-3/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորը պատասխանողի պատշաճ ծանուցումը և վերջինիս հասցեագրված դատավարական փաստաթղթերի պատշաճ հանձնումն ապահովված չլինելու և գործի վարույթը կարճելու հիմքի առկայության պայմաններում քննել և լուծել է քաղաքացիական գործը՝ կայացնելով մահացած պատասխանողի դեմ հարուցված հայցը բավարարելու մասին վճիռ: Նշված կարգապահական վարույթը կարճվել է՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ դատավորին վերագրված ենթադրյալ կարգապահական խախտումների կատարման մեջ վերջինիս մեղքի բացակայության հիմքով: Մասնավորապես, հարուցված կարգապահական վարույթի ընթացքում հաստատվել է, որ կարգապահական վարույթի հարուցման հիմքում ընկած փաստական տվյալները դատավորին հայտնի են դարձել այն ժամանակահատվածում, երբ վերջինս արդեն իսկ կայացրել էր քաղաքացիական գործով վճիռը և այնուհետև դրա հիման վրա տրամադրել կատարողական թերթ:
  3. Թիվ N-Կ-5/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորը գործով պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան-միջնորդությունը ներկայացվելուց հետո «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով պարզեցված վարույթը դադարեցնելու, գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին տեղեկատվությունը զետեղել է էլեկտրոնային համակարգում և էլեկտրոնային համակարգում «Դատական նիստ» բաժնում նախնական դատական նիստ նշանակելու մասին տեղեկություններ հրապարակել, պատասխանողի միջնորդությունը վերադարձնելու մասին տեղեկությունը, պարզեցված վարույթի կարգով վճիռ կայացնելը և այն պատասխանողի ներկայացուցչին ուղարկելն իրականացրել ժամկետի խախտմամբ՝ պատասխանողին զրկելով ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու հնարավորությունից: Նշված կարգապահական վարույթը կարճվել է՝ պարզեցված վարույթը դադարեցնելու, գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու, էլեկտրոնային համակարգում նախնական դատական նիստ նշանակելու մասին տեղեկությունները էլեկտրոնային համակարգում լրացված լինելու արարքների մասով դատավորի մեղքը կարգապահական վարույթի ընթացքում հաստատված չլինելու հիմքով, իսկ վճիռը հաղորդում ներկայացրած անձի ներկայացուցչին օրենքով սահմանված ժամկետից երեք օր ուշ ուղարկելու մասով՝ արարքի նվազ կարևորություն ունենալու հիմքով: Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից պատասխանողին զրկելու փաստի հետ կապված արձանագրվել է, որ պատասխանողի իրավունքների պաշտպանությունն իրականացնող փաստաբան-ներկայացուցիչն առնվազն պետք է տեղյակ լիներ հայցադիմումի պատասխան-միջնորդությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ներկայացնելու օրենսդրական պահանջի մասին, իսկ այդպիսի ժամկետի խախտմամբ միջնորդությունը ներկայացնելու դեպքում օգտվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավական հնարավորությունից: Այսինքն՝ առկա է եղել իրավունքի պաշտպանությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելու իրավական հնարավորություն, որից անձը չի օգտվել ոչ դատավորի մեղքով և ոչ վերջինիս գործողությունների հետևանքով:
  4. Թիվ N-Կ-6/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի առթիվ, որ քրեական մասնագիտացմամբ դատավորը գործի քննության ընթացքում քրեական գործն այլևս տվյալ դատարանին ընդդատյա չլինելու պայմաններում շարունակել է քրեական գործով վարույթը՝ քննության առնելով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը և կայացրել որոշում: Կարգապահական վարույթը կարճվել է արարքի նվազ կարևորություն ունենալու հիմքով, քանի որ գործն ըստ ընդդատության փոխանցելու մասին որոշում կայացնելու, գործն իրավասու դատարան ուղարկելու, գործն ըստ ընդդատության ստացած դատարանի կողմից դրա ընդդատության հետ համաձայն չլինելու և Վճռաբեկ դատարանին դիմելու օբյեկտիվ հնարավորության պայմաններում կարող էր լրանալ մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը լուծելու ժամկետը, ինչի հետևանքով կալանքի կիրառման հիմքերի առկայության պայմաններում այլևս հնարավոր չէր լինի դրա կիրառումը, որի արդյունքում կտուժեին հանրային և արդարադատության շահերը: Ավելին՝ իրավասու դատարանի կողմից ևս կալանքի ժամկետի երկարաձգման հիմքերն ու պայմաններն առկա են համարվել և անձը, այնուամենայնիվ, շարունակել է գտնվել կալանքի տակ: Հետևաբար, արձանագրվել է, որ դատավորն իր գործողություններով կասկածի տակ չի դրել դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին, ինչպես նաև չի հեղինակազրկել դատական իշխանությունը:
  5. Թիվ N-Կ-8/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քրեական մասնագիտացման դատավորը օրինական ուժի մեջ մտած և բժշկական հարկադրանքի մասին պահանջ բովանդակող դատավճիռը կատարման է ուղարկել շուրջ 1 ամիս 12 օր հետո, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է սահմանված ժամկետում եզրափակիչ դատական ակտի կատարման պահանջի խախտման: Կարգապահական վարույթը կարճվել է արարքի նվազ կարևորություն ունենալու հիմքով, քանի որ հարուցված կարգապահական վարույթի շրջանակում Հանձնաժողովի կողմից ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ կոնկրետ ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտած և բժշկական հարկադրանքի մասին պահանջ բովանդակող բժշկական հարկադրանքի դատավճիռը կատարված չլինելու հանգամանքը որևէ բացասական հետևանք չի առաջացրել որևէ սուբյեկտի համար, քանի որ կարգապահական վարույթի ընթացքում կատարված հարցումների պատասխաններից պարզ է դարձել, որ ուշացման ողջ ժամանակահատվածում դատապարտված անձը դրսևորել է պատշաճ վարքագիծ և տեղափոխվել է հարկադիր բուժման դատարանի կատարման պահանջը ստանալուց անմիջապես հետո:
  6. Թիվ N-Կ-9/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քրեական մասնագիտացում ունեցող դատավորը վերադաս դատական ատյանի կողմից շարունակաբար՝ երկու անգամ, արձանագրված՝ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու բավարար հիմքերի առկայության պայմաններում կրկին որոշումներ է կայացրել խափանման միջոց կալանքը վերացնելու և մեղադրյալին դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու վերաբերյալ, որոնք վերադաս ատյանի կողմից բեկանվել են, իսկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է: Այս կարգապահական վարույթը կարճվել է կարգապահական խախտման բացակայության հիմքով, քանի որ կարգապահական վարույթի ընթացքում հիմնավորվել է, որ մեղադրյալի ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման հիմքերը դատավարության տարբեր փուլերում ունեն գնահատման տարբեր չափանիշներ, իսկ դատարանը, խափանման միջոցի կիրառման վերաբերյալ հարց քննարկելիս հանդես գալով որպես վարույթն իրականացնող մարմին, մեղադրյալի նկատմամբ կիրառման ենթակա խափանման միջոցն ընտրելիս առկա փաստերն ու դրանց հաստատմանը կամ հերքմանը միտված ապացույցները յուրաքանչյուր դեպքում գնահատում է իր ներքին համոզմամբ: Հետևաբար, վերաքննիչ ատյանի համապատասխան որոշումներով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետի ավարտմամբ առաջին ատյանի դատարանը հաջորդիվ խափանման միջոցի ընտրության հարցի քննության շրջանակներում, խափանման միջոցի իրավաչափության պայմանների վերաբերյալ հետևությունների հանգելիս, գործում առկա փաստերն ու ապացույցները պարտավոր է վերստին գնահատել՝ պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված սեփական ներքին համոզմամբ: Ի դեպ, մինչ այս, նույն հաղորդման կապակցությամբ նույնպիսի բովանդակությամբ որոշում կայացվել է նաև վարույթ հարուցող մյուս մարմնի կողմից:
  7. Թիվ N-Կ-10/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քրեական մասնագիտացում ունեցող դատավորը վերադաս դատական ատյանի կողմից շարունակաբար՝ երեք անգամ, արձանագրված՝ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու բավարար հիմքերի առկայության պայմաններում կրկին որոշումներ է կայացրել խափանման միջոց կալանքը վերացնելու և մեղադրյալին դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու վերաբերյալ, որոնք վերադաս ատյանի կողմից բեկանվել են, իսկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է: Այս կարգապահական վարույթը կարճվել է կարգապահական խախտման բացակայության հիմքով, քանի որ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում հիմնավորվել է, որ մեղադրյալի ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման հիմքերը դատավարության տարբեր փուլերում ունեն գնահատման տարբեր չափանիշներ, իսկ դատարանը, խափանման միջոց կիրառման վերաբերյալ հարց քննարկելիս հանդես գալով որպես վարույթն իրականացնող մարմին, մեղադրյալի նկատմամբ կիրառման ենթակա խափանման միջոցն ընտրելիս առկա փաստերն ու դրանց հաստատմանը կամ հերքմանը միտված ապացույցները յուրաքանչյուր դեպքում գնահատում է իր ներքին համոզմամբ: Հետևաբար, վերաքննիչ ատյանի համապատասխան որոշումներով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետի ավարտմամբ առաջին ատյանի դատարանը հաջորդիվ խափանման միջոցի ընտրության հարցի քննության շրջանակներում, խափանման միջոցի իրավաչափության պայմանների վերաբերյալ հետևությունների հանգելիս, գործում առկա փաստերն ու ապացույցները պարտավոր է վերստին գնահատել՝ պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված սեփական ներքին համոզմամբ: Ի դեպ, մինչ այս, նույն հաղորդման կապակցությամբ նույնպիսի բովանդակությամբ որոշում կայացվել է նաև վարույթ հարուցող մյուս մարմնի կողմից:
  8. Թիվ N-Կ-11/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քրեական մասնագիտացում ունեցող դատավորն իր վարույթում շուրջ մեկ տարի ութ ամիս գտնված գործով ընդամենը երեք դատական նիստ է նշանակել, ինչն էլ հանգեցրել է ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի առերևույթ խախտման: Օրենքով սահմանված հիմքով քրեական գործն այլ դատավորի վերամակագրվելուց հետո կայացված դատական ակտով ամբաստանյալն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով: Սույն կարգապահական վարույթը կարճվել է, քանի որ դատավորի բացատրությամբ և Հանձնաժողովին ներկայացված նյութերով հիմնավորվել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ վերջինիս վերագրված ենթադրյալ կարգապահական խախտումների կատարման մեջ բացակայում է վերջինիս մեղքը: Մասնավորապես, քրեական գործը քննվել է երեք դատավորի վարույթում, իսկ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում ստացված նյութերը հնարավորություն չեն ընձեռել Հանձնաժողովին գալու այնպիսի միանշանակ եզրահանգման, որ կարգապահական վարույթի հարուցման որոշմամբ նկարագրված իրավիճակն առաջացել է բացառապես այն դատավորի մեղքով, ում նկատմամբ հարուցված է եղել կարգապահական վարույթը: Դրանից բացի, Հանձնաժողովը հիմնավոր է համարել բացատրությամբ ներկայացված՝ դատավորի ծանրաբեռնվածության վերաբերյալ ներկայացված փաստարկները և գործերի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու նպատակով ձեռնարկված հնարավոր միջոցները Դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու վերաբերյալ ներկայացված դիմումը, որը մերժվել է, լրացուցիչ օգնական և գործավար տրամադրելու վերաբերյալ դիմումը, որը ևս մերժվել է:
  9. Թիվ N-Կ-12/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ վարչական մասնագիտացման դատավորը հայցադիմումը վարույթ ընդունելով և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացված լինելու և դատական ակտի հրապարակման օր նշանակված լինելու, այդ ընթացքում դատավարության մեջ երրորդ անձ ներգրաված լինելու պայմաններում դատական ակտի հրապարակման օրը որոշում է կայացրել երրորդ անձից ապացույց պահանջելու մասին՝ միևնույն ժամանակ գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը նշանակելով շուրջ 6 ամիս հետո: Դատական ակտի հրապարակման օրը դատավորը որոշում է կայացրել գործն ընդհանուր կարգով քննելու, այն դատաքննության նախապատրաստելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին՝ դատական նիստը նշանակելով շուրջ 5 ամիս հետո՝ պատճառաբանելով, որ երրորդ անձի կողմից ներկայացված՝ պահանջված ապացույցի առկայությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ձեռնարկել Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (“ex officio”) պարզելու կապակցությամբ գործողություններ: Արդյունքում՝ պարզ կամ միջին բարդության գործով առաջին դատական նիստը նշանակվել է գործն ընդհանուր կարգով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշման կայացումից միայն շուրջ վեց ամիս հետո, իսկ գործը վարույթ ընդունելուց մինչև դատական նիստի նշանակումը տևել է շուրջ մեկ տարի հինգ ամիս, ինչը հանգեցրել է ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման: Այս կարգապահական վարույթը կարճվել է, քանի որ դատավորի բացատրությամբ և Հանձնաժողովին ներկայացված նյութերով հիմնավորվել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ վերջինիս վերագրված ենթադրյալ կարգապահական խախտումների կատարման մեջ բացակայում է վերջինիս մեղքը: Մասնավորապես, հիմնավորվել է, որ նախնական դատական նիստի նշանակման տևողությունն ունեցել է օբյեկտիվ հիմք, քանի որ ավելի վաղ նիստը նշանակելու օբյեկտիվ հնարավորություն դատավորն ըստ էության չի ունեցել, իսկ նախքան դատական նիստը կատարած դատավարական գործողությունների իրականացման ժամանակ չեն եղել օրենքով սահմանված ժամկետային սահմանափակումներ, ավելին՝ կատարված յուրաքանչյուր գործողություն ունեցել է իրավաչափ նպատակ և պայմանավորվել է գործի քննության օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու սկզբունքների իրականացմամբ, որոնց հասնելուն ուղղված միջոցները, չնայած ձեռնարկվել են ոչ բավականաչափ արագ, սակայն դրա պատճառ են հանդիսացել դատավորի վարույթում քննվող գործերի քանակն ու դատավորի ծանրաբեռնվածությունը, որպիսի հանգամանքներն անկախ են եղել դատավորի կամքից: Բացի այդ, արձանագրվել է, որ բացակայում են այն հետևանքները, որոնք պայմանավորվել են քննվող վարչական գործի տևողությամբ՝ հաշվի առնելով, որ առկա են եղել այդ հետևանքները վերացնելու իրավական հնարավորություններ, որոնցից հաղորդում ներկայացրած անձը չի օգտվել իր հայեցողությամբ:

    10.Թիվ N-Կ-13/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քաղաքացիական մասնագիտացման դատավորը գնումների հետ կապված վեճի վերաբերյալ 2 գործով գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտն առաջին դեպքում հրապարակել է հայցադիմումը վարույթ ընդունվելուց 1 տարի 6 ամիս հետո, երկրորդ դեպքում՝ հայցադիմումը վարույթ ընդունվելուց շուրջ 9 ամիս հետո՝ խախտելով նաև վերջնական դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկելու համար սահմանված ժամկետները: Կարգապահական վարույթը կարճվել է արարքի նվազ կարևորություն ունենալու հիմքով, քանի որ հարուցված կարգապահական վարույթի շրջանակում չի հիմնավորվել հաղորդում ներկայացրած անձի սուբյեկտիվ իրավունքների խախտման փաստը: Մասնավորապես, կարգապահական վարույթի ընթացքում հիմնավորվել է, որ հայցվորների օրինական ակնկալիքը՝ հիշյալ գործերով ներկայացված հայցի առարկայի շրջանակում պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում շարունակելու մասնակցությունը գնման գործընթացին, ապահովված է եղել, իսկ այն չապահովելու և դրա բացասական հետևանքների մասին փաստական տեղեկություններ Հանձնաժողովին չեն հայտնվել ինչպես հաղորդմամբ, այնպես էլ վարույթի ընթացքում այդպիսիք հայտնի չեն դարձել Հանձնաժողովին: Հետևաբար, հիշյալ դատական գործերով քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում իրականացրած չլինելու և վճիռները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկված չլինելու հանգամանքը, այդ ժամկետների խախտումներից բացի, որևէ այլ բացասական հետևանք չի առաջացրել Հանձնաժողովում նշվածի կապակցությամբ տեղեկատվություն չի ստացվելև առնվազն այդպիսի փաստեր Հանձնաժողովը վարույթի ընթացքում ձեռք չի բերել, ուստի չփարատված կասկածն այս առումով մեկնաբանվել է հօգուտ դատավորի՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի:

    11.Թիվ N-Կ-14/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով, որը դրսևորվել է քրեական մասնագիտացման դատավորի կողմից քրեական գործի ողջամիտ ժամկետում քննությունն ապահովելու դատավարական պարտականության չկատարման ձևով, որի արդյունքում անցել են ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Սույն կարգապահական վարույթը կարճվել է, քանի որ դատավորի բացատրությամբ և Հանձնաժողովին ներկայացված նյութերով հիմնավորվել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ վերջինիս վերագրված ենթադրյալ կարգապահական խախտումների կատարման մեջ բացակայում է վերջինիս մեղքը: Մասնավորապես, Հանձնաժողովը, ուսումնասիրելով դատավորի բացատրությամբ ներկայացված՝ յուրաքանչյուր նիստի հետաձգման պատճառ/ներ/ը, պարզել է, որ դատավորի կողմից կամայականորեն կամ ոչ օբյեկտիվ հիմքերով դատական նիստերի հետաձգում տեղի չի ունեցել, նշանակված նիստերի հետաձգման հիմնական պատճառները եղել են նախատեսված օրենքով, և այդպիսի պայմաններում դատավորը չուներ այլ բան անելու, քան կիրառելով օրենքն ու դատական նիստերը հետաձգելու այլ հերթի, և քանի որ դատավորի ծանրաբեռնվածությունը թույլ չի տվել նիստերը նշանակել ավելի հաճախ, ապա Հանձնաժողովը արձանագրել է, որ ամեն դեպքում առկա չի եղել գործը ողջամիտ ժամկետում քննելու օբյեկտիվ հնարավորություն, այսինքն՝ գործի քննության տևողությունն ըստ էության չի պայմանավորվել դատավորի կամքից սուբյեկտիվորեն բխող հանգամանքներով կամ այնպիսի հանգամանքներով, որոնց առկայության պայմաններում դատավորը կարող էր կամ պետք է գործի քննությունն ավարտեր ավելի վաղ ժամկետում:

    12.Թիվ N-Կ-16/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քրեական մասնագիտացման դատավորն առանձին փաuտաթղթի ձևով կայացված որոշումը սահմանված ժամկետում չի ուղարկել դատավարության մասնակիցներին, այդ որոշման ուշ տրամադրումը հանրային մեղադրողին զրկել է եզրափակիչ ելույթով հանդես գալու հնարավորությունից, որի հետևանքով դատական իշխանությունը հեղինակազրկվել է: Սույն կարգապահական վարույթը կարճվել է արարքի նվազ կարևորություն ունենալու հիմքով, քանի որ հարուցված կարգապահական վարույթի շրջանակում հիմնավորվել է, որ համապատասխան որոշումն ուղարկվել է, և ուղարկելուց հետո Դատարանն, այնուամենայնիվ, ապահովել է հանրային մեղադրողի եզրափակիչ ելույթով հանդես գալու պարտականության իրականացումը, արդյունքում՝ դատավճիռը կայացվել է հանրային մեղադրողի եզրափակիչ ելույթը լսելուց հետո:

    13.Թիվ N-Կ-20/2025 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով, որը դրսևորվել է քրեական մասնագիտացման դատավորի կողմից քրեական գործի ողջամիտ ժամկետում քննությունն ապահովելու դատավարական պարտականության չկատարման ձևով, որի արդյունքում անցել են ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Սույն կարգապահական վարույթը կարճվել է, քանի որ դատավորի բացատրությամբ և Հանձնաժողովին ներկայացված նյութերով հիմնավորվել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ վերջինիս վերագրված ենթադրյալ կարգապահական խախտումների կատարման մեջ բացակայում է վերջինիս մեղքը: Մասնավորապես, քրեական գործը քննվել է երեք դատավորի վարույթում, իսկ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում ստացված նյութերը հնարավորություն չեն ընձեռել Հանձնաժողովին գալու այնպիսի միանշանակ եզրահանգման, որ կարգապահական վարույթի հարուցման որոշմամբ նկարագրված իրավիճակն առաջացել է բացառապես այն դատավորի մեղքով, ում նկատմամբ հարուցված է եղել կարգապահական վարույթը: Հանձնաժողովը հիմք է ընդունել նաև դատավորի գրավոր բացատրությամբ ներկայացված՝ դատավորի ծանրաբեռնվածության վերաբերյալ ներկայացված փաստարկները, քանի որ կարգապահական վարույթի ընթացքում պարզված փաստական տեղեկություններից ակնհայտ է, որ դատավորի մոտ առկա է եղել բավականին լուրջ (որոշ առումով՝ նաև բացառիկ) ծանրաբեռնվածություն, ինչն էլ օբյեկտիվ անհնարինություն է առաջացրել բոլոր գործերով դատական նիստերն ավելի կարճ պարբերականությամբ նշանակելու համար: Միևնույն ժամանակ, կարգապահական վարույթի ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը, ուսումնասիրելով յուրաքանչյուր նիստի հետաձգման պատճառ/ներ/ը, պարզել է, որ դատավորի կողմից կամայականորեն կամ ոչ օբյեկտիվ հիմքերով դատական նիստերի հետաձգում տեղի չի ունեցել, նշանակված նիստերի հետաձգման հիմնական պատճառները եղել են նախատեսված օրենքով, և այդպիսի պայմաններում դատավորը չուներ այլ բան անելու, քան կիրառելով օրենքն ու դատական նիստերը հետաձգելու այլ հերթի, և քանի որ Դատավորի ծանրաբեռնվածությունը թույլ չի տվել նիստերը նշանակել ավելի հաճախ, ապա Հանձնաժողովն արձանագրել է, որ ամեն դեպքում առկա չի եղել գործը ողջամիտ ժամկետում քննելու օբյեկտիվ հնարավորություն, այսինքն՝ գործի քննության տևողությունն ըստ էության չի պայմանավորվել դատավորի կամքից սուբյեկտիվորեն բխող հանգամանքներով կամ այնպիսի հանգամանքներով, որոնց առկայության պայմաններում դատավորը կարող էր կամ պետք է գործի քննությունն ավարտեր ավելի վաղ ժամկետում:

Leave a Comment