ԱՄՆ զինված ուժերը կարող են սահմանափակ ավիահարվածներ հասցնել Իրանին, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ փետրվարի 1-ին հրաման տա, հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։
«ԱՄՆ զինված ուժերը կարող են սահմանափակ ավիահարվածներ հասցնել Իրանին, եթե նախագահն այսօր հրամայի հարձակում», – նշել է ԶԼՄ-ն։
Իրանի շուրջ իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին երկրում սկսված բողոքի ցույցերից հետո։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորության մասին՝ բողոքի ակցիաները կոշտ ճնշելու շարունակության դեպքում։ Հունվարին ԱՄՆ-ը հայտարարել էր Մերձավոր Արևելքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին և տարածաշրջան էր ուղարկել ավիակիրային հարվածային խումբ՝ USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին փետրվարի 1-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում պատերազմը կվերաճի տարածաշրջանային հակամարտության։
