Հռոմի բազիլիկայում հրեշտակի դեմքը նմանեցրել են Իտալիայի վարչապետին – Armenia Today

Հռոմի Սան Լորենցո-ին-Լուչինա բազիլիկայում (Basilica di San Lorenzo in Lucina) իրականացված վերականգնման աշխատանքներից հետո բազիլիկայի մատուռներից մեկում պատկերված հրեշտակի դեմքը նմանեցրել են Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, գրում է Il Messaggero-ն։

Բազիլիկան հիմնադրվել է IV դարում, իսկ ներկայիս շինությունը կառուցվել է XVII դարում։ Տաճարի որմնանկարների և քանդակների վրա տարբեր ժամանակներում աշխատել են իտալացի հայտնի վարպետներ, այդ թվում՝ Բերնինին և Գվիդո Ռենին։

Վերջին վերականգնման աշխատանքները ղեկավարել է Բրունո Վալենտինետտին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա քաղաքական կապերի պատճառով քննարկումներ են ծագել, թե արդյոք որմնանկարում առկա նմանությունն ակամա՞ է, թե նպատակային։ Վալենտինետտին պնդել է, որ պարզապես վերականգնել է բնօրինակ պատկերումը։

Մելոնին սոցիալական ցանցում արձագանքել է թեմային՝ նշելով, որ «հրեշտակի նման չէ» և գրառմանը կցել է ժպտացող էմոջի։ Բազիլիկայի հոգևոր պատասխանատու Դանիելե Միկելետտին ընդունել է, որ «որոշակի նմանություն կա»։ Իտալիայի մշակույթի նախարարությունը հանձնարարել է ուսումնասիրել որմնանկարը և պարզել կատարված աշխատանքների բնույթը։

Leave a Comment