Անգլերենի դիմորդները կարող են լրացուցիչ քննություն հանձնել. թեստերում սխալներ են եղել

Բաժանորդագրվել

Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հունվարի 31-ին 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում 53 քննական կենտրոններում ավելի քան 7 հազար դիմորդ (հայտագրվել է 7 321 –խմբ.) քննություն է հանձնել «Օտար լեզուներ» առարկայից։ Սոցցանցերում բազմաթիվ ծնողներ ու դիմորդներ հայտնել են քննական թեստերում սխալների մասին։

«Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել` 30֊45 րոպե։ Խնդիրը հարթվել է: Կարճ ժամանակում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ, որքան էլ անցանկալի է, պատահում են։ Կարևորը` որ ժամանակին արձագանքեն և լուծում տան»,-գրել է ԳԹԿ մամուլի քարտուղարը։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը:

Քննության օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Leave a Comment