Որպեսզի Եպիսկոպոսաց ժողովն ամեն գնով տապալվի

Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելք։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆարմանյանը, որը ներկա է եղել Հովնան սրբազանի և Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հարցաքննությանը։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ առավոտից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ Քննչական կոմիտե ներկայանալու համար։ ՔԿ են հրավիրվել Գուգարաց և Սյունիքի թեմերի առաջնորդները, ինչպես նաև տեր Մովսես քահանա Սահակյանը։ Հարցաքննությունները կապված են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի գործի հետ։

Փաստաբան Ֆարմանյանի խոսքով՝ քրեական հետապնդումը հարուցվել է ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատական ակտի չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նա ընդգծել է, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին արգելվելու է լքել ՀՀ տարածքը, ինչը փաստացի խոչընդոտում է Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելուն։ Մակար սրբազանի վերաբերյալ խափանման միջոցի մասին խոսելու արգելք է սահմանվել, ինչը փաստաբանը համարում է ապօրինի։

Մակար եպիսկոպոս Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ իրեն արգելել են խոսել գործի մասին, սակայն վստահեցրել է, որ երբեք չի դրժի իր ուխտը։ Նա ընդգծել է, որ կարգալուծման որոշումը կայացվել է Եկեղեցու հավաքական մարմինների կողմից և ոչ միանձնյա։

Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ նշել է, որ տեղի ունեցողը համարում է եկեղեցու նկատմամբ ճնշում՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը հակականոնական որևէ գործողություն չի իրականացրել։

Հիշեցնենք, որ փետրվարի 16–19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսված է Եպիսկոպոսաց ժողովը, որին այս սահմանափակումների պատճառով բարձրաստիճան հոգևորականները կարող են չմասնակցել։

«301 հայերեն»

Leave a Comment