Ամերիկյան ռազմանավերը հարթում են դիվանագիտական ճանապարհը. Գանտահարյան

Ամերիկյան ռազմանավերը հարթում են դիվանագիտական ճանապարհը. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում, և լավ կլիներ՝ ստիպված չլինեին դրանք օգտագործել։ Ինչպես կմեկնաբանեք այդ հայտարարությունը․ ինչ է նշանակում դեպի Իրան ԱՄՆ-ի կողմից նավեր ուղարկելը։

-Հայտարարության երկրորդ բաղադրիչը բացատրում է իրավիճակը։ Հզոր նավերը ճնշելու համար են, որ Իրանը գնա բանակցությունների ԱՄՆ-ի ճշտած կանոններով: Ռազմական տեղաշարժերը, այս դեպքում, ծովուժի տեսքով ճնշամիջոց են․ անգամ սպառնալիք՝ անպայման գնալու բանակցային սեղան։

– Հնարավո՞ր է ռազմական բախում Իրանի հետ, ԱՄՆ՞-ն կհարվածի, թե՞ Իսրայելի միջոցով այդ հարվածները կկազմակերպեն։

– Մամուլում նյութ հրապարկվեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվելու են միմյանց չհարվածել։ Պայմանավորվածությունը կայացել է Մոսկվայի միջնորդությամբ, ըստ հրապարակումների։ Հետաքրքիր է, որ այս տեղեկատվությունը չհերքվեց առնչակից կողմերից։ Ռազմական բախման հավանականությունը չի բացառվում, սակայն դժվար է պատկերացնել լայնածավալ գործողություններ։ Նախադեպերն այդ մասին են հուշում։ Բայց ավելի մեծ հավանականությունը դիվանագիտական ճանապարհի վերստին աշխատելն է։ Ռազմանավերը, կարծում եմ, հարթում են դիվանագիտական ճանապարհը։

– Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե մի քանի երկիր է փորձում կանխել տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի բռնկումը, և Եվրոպան դրանց շարքում չէ։ Հավանաբար, նկատի ունի ՌԴ-ին ու Չինաստանին: Այս առումով նրանց դիրքորոշումն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Այո․ ուղերձն այն է, որ Թեհրանն աշխատում է ռազմական առանցք կազմել Չինաստանի և ՌԴ-ի հետ, ինչը լուրջ սպառնալիք կլինի ԱՄՆ-ի համար։ Սա սպառնական ռազմանավերի դիմաց սպառնալիք է հռետորաբանական հարթության վրա։

– Ըստ Արաղչիի՝ մայրցամաքը լրջորեն կտուժի տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի հետևանքներից։ Ինչ եք կարծում՝ պատերազմի հնարավորություն կա՞․ եթե այո, ի՞նչ հետևանքներ կլինեն։

– Պատերազմը հետևանքներ կունենա մարդասիրական, իմիգրացիոն նոր հոսքի, նավթային ճանապարհների խափանման և տնտեսական նոր ճգնաժամերի տեսքով։ Տարածաշրջանային երկրները ակտիվացել են՝ կանխելու այդ բոլորը․ Սաուդյան Արաբիան հայտարարում է, որ իր օդային տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին՝ հարվածելու Իրանին, իսկ Անկարան հանդես է գալիս փուլային բանակցություններ վերսկսելու առաջարկներով և ինքնաառաջադրվում՝ միջնորդական առաքելություն իրականացնելու։ Բազմաթիվ հանգամանքներ աշխատում են պատերազմի ընտրանքը բացառելու համար։

Արման Գալոյան

Leave a Comment