Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է Բելառուսի հետ սահմանին օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի մասին, հաղորդում է Interfax-ը:
Նշվում է, որ հունվարի 31-ի գիշերը կրկին հայտնաբերվել են Բելառուսի կողմից մոտեցող և լեհական օդային տարածք մտնող օբյեկտներ։ Թռիչքի պարամետրերի վերլուծության հիման վրա այդ օբյեկտները բարձր հավանականությամբ գնահատվել են որպես օդապարիկներ, որոնք շարժվում են ընթացիկ օդերևութաբանական պայմաններին համապատասխան:
Ռազմական ռադիոտեղորոշիչ համակարգերը շարունակաբար հետևել են թռիչքներին:
«Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը մշտական կապի մեջ է համապատասխան հաստատությունների և ծառայությունների հետ՝ իրականացնելով տեղեկատվության շարունակական փոխանակում և տվյալներ տրամադրելով դիտարկվող օբյեկտների վերաբերյալ: Իրավիճակը մշտապես վերահսկվում է, և լեհական զինված ուժերը պատրաստ են լուծել օդային տարածքի պաշտպանության հետ կապված խնդիրները», – հավելել են հրամանատարությունում։
Սա արդեն երկրորդ նման միջադեպն է ընթացիկ շաբաթվա ընթացքում. Լեհաստանը հայտնել էր հունվարի 28-ին Բելառուսի օդապարիկներով իր օդային տարածքը խախտելու մասին:
