Արցախից սերած հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը դարձել է Էռնստ ֆոն Զիմենսի 2026 թվականի մրցանակի դափնեկիր՝ ժամանակակից ակադեմիական երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի, որը հաճախ անվանում են «երաժշտության Նոբելյան մրցանակ»։
Այս միջազգային բարձր գնահատականը ճանաչում է ոչ միայն կոմպոզիտորի անհատական տաղանդը, այլև ժամանակակից հայկական երաժշտական դպրոցի կենսունակությունը, որի արմատները Արցախում են։
Արցախի ԿԳՄՍ նախարարության էջից տեղեկանում ենք, որ Հովիկ Սարդարյանը 32 տարեկան է, ծնվել է Հադրութում (Արցախ)։ Նրա երաժշտական կրթության առաջին փուլը անցել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։ Նա առաջին հայ կոմպոզիտորն է, որ արժանացել է այս բարձրագույն միջազգային մրցանակին։
«Շնորհավորում ենք Հովիկ Սարդարյանին այս բացառիկ ձեռքբերման առթիվ՝ որպես ևս մեկ վկայություն, որ Արցախի մշակութային ձայնը շարունակվում է հնչել աշխարհում՝ ժամանակակից, ինքնուրույն և արժանապատիվ»,- նշում են նախարարությունից։