
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ «այսօր առավոտից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին, որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար»:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Արա Զոհրաբյանը չի նշել, թե ում է ուղարկվել ծանուցագիր և քանի հոգու են կանչել ՔԿ:
Քննչական կոմիտեն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:
«Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը»,- գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Օրերս հաղորդվեց, որ քրեական նոր վարույթ է նախաձեռնվել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, այս անգամ՝ դատական ակտը չկատարելու հոդվածով: Իսկ այդ ակտը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված ու եպիսկոպոսական կարգից զրկված Գևորգ եպիսկոպոսին՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանին էր վերաբերում:
Քննչական կոմիտեի հաղորդագրությունից հասկանում ենք՝ քրեական նոր վարույթ է նախաձեռնվել, որովհետև Մայր Աթոռը Գևորգ սրբազանին ոչ միայն չի վերականգնում իր պաշտոնում, այլև կարգալույծ է անում նրան:
Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Ավելի վաղ կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել՝ «քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»:
Մայր Աթոռը, սակայն, հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով: