Պետրոսյան․ ՀԷՑ-ի ենթակայանների զգալի մասը մաշված, խարխուլ և բարոյապես հնացած է

Պետրոսյան․ ՀԷՑ-ի ենթակայանների զգալի մասը մաշված, խարխուլ և բարոյապես հնացած է

31 հունվարի 2026 – 12:56 AMT

PanARMENIAN.Net – ՀԷՑ-ի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ «Վարդաշեն» ենթակայանում մեկ ամիս առաջ տեղի ունեցած վթարի հետաքննության նպատակով ձևավորված երկու հանձնաժողովներից բացի, ստեղծվել է ևս մեկ աշխատանքային խումբ, որի նպատակն է ՀՀ տարածքում ՀԷՑ-ի շահագործման ներքո գտնվող 110/35 կՎ 322 ենթակայանում անցկացնել համալիր ստուգումներ՝ պարզելու հրատապ և միջնաժամկետ լուծումներ պահանջող խնդիրները։

Պետրոսյանը շեշտել է, որ ստուգումների արդյունքում առաջացած պատկերը հույս չի ներշնչում․ ենթակայանների մեծ մասը գտնվում է մաշված, տեխնիկապես խարխուլ և բարոյապես հնացած վիճակում։

Խումբը արդեն այցելել է 222 ենթակայան և կազմել առկա խնդիրների գույքագրումը, իսկ մնացած 100 ենթակայաններում ստուգումները նախատեսվում են ավարտին հասցնել առաջիկա 10-12 օրում։

«Պատկերը, որը մեզ հայտնի դարձավ ստուգայցերի արդյունքում, ցավով եմ նշում, սակայն մեղմ ասած՝ հուսադրող չեն, եւ այս ուղղությամբ եւս, կարծես, նոր «պանդորայի արկղ ենք բացել». ահռելի անելիք եւ աստղաբաշխական բյուջե է ենթադրում այսչափ մաշված, խարխուլ եւ բարոյապես հնացած ենթակառուցվածքների նորացման աշխատանքները, որն անխուսափելիորեն պարտավոր ենք իրականացնելու ամենակարճ ժամկետներում, որպեսզի բաշխման ցանցի վատթար վիճակով պայմանավորված՝ մեր Պետությունը տեսանելի ապագայում որեւէ պարագայում չունենա էներգետիկ հնարավոր ճգնաժամեր»,-ասվում է գրառման մեջ:

Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:

Leave a Comment