Զոհրաբյան․ Բանակում հոգևոր ծառայության մեջ ներգրավված 42 հոգևորականից կմնա 8-ը

Զոհրաբյան․ Բանակում հոգևոր ծառայության մեջ ներգրավված 42 հոգևորականից կմնա 8-ը

31 հունվարի 2026 – 13:41 AMT

PanARMENIAN.Net – Փաստաբան Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նոր հրամանին, հայտնել է, որ ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայության մեջ ներգրավված 42 հոգևորականից կմնա 8-ը:

Պաշտպանության նախարարի հրամանով՝ սկսած 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Զինված ուժերում հոգևոր ծառայություն ստեղծվել է դեռևս 1997 թվականի նոյեմբերի 13-ին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի նախաձեռնությամբ։ 2000 թվականին պաշտպանական գերատեսչության հրամանով հաստատվել է համապատասխան կանոնադրությունը, որը վավերացվել է նաև կաթողիկոսի կողմից։

Փաստաբանի ներկայացմամբ՝ ծառայությունն ունեցել է հետևյալ կառուցվածքը. առկա են եղել Զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդ, ինչպես նաև բանակային կորպուսներում ու զորամասերում սպասավորող հոգևորականներ։ Ըստ նրա՝ գործող համակարգում ներգրավված է եղել 42 հոգևորական, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայողներ՝ սարկավագներ, իսկ մնացած 34-ը՝ Մայր Աթոռի կողմից նշանակված կամավոր հոգևորականներ, այդ թվում՝ 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավագ։

«42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու որպես ժամկետային ծառայող ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, մնացած 34-ը՝ այլևս չեն ծառայելու»,– գրել է Զոհրաբյանը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 29.01.2026թ․ թիվ 159 հրամանով ուժը կորցրած է ճանաչվել նախարարի 19.07.2000թ․ հրամանը: Այս հրամանով պաշտպանության նախարարությունը փաստացի դադարեցրել է Զինված ուժերի հոգևոր ծառայության գործունեությունը: 42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու, որպես ժամկետային ծառայող ԶՈՒ ԳԾ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, մնացած 34-ը՝ այլևս չեն ծառայելու:

«ՊՆ Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Ինչպես տեսնում ենք նախարարըմիանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը:

Այս գործընթացի առիթը հանդիսացել է այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին:

Սա իրավական կողմն է: Իսկ բարոյահոգեբանական կողմը նա է, որ այս իշխանությունն իրականում թիրախավորել է ազգային եկեղեցուն:

Փոխանակ, ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, հակառակն են անում: Բանակի ղեկավարությունը փոխանակ, ամեն ինչ անի, որ ունենանք իրական քրիստոնյա զինվորականներ, անում է ուղիղ հակառակը, ինքն էլ է միջամտում եկեղեցու ներքին գործերին:

Իրական քրիստոնյա զինվորականը, ով հավատում է Քրիստոսին, չի վախենում մահվանից, ընկերոջը չի թողնի նեղության մեջ, փոքրոգիության պատճառով փախուստի չի դիմի, իր Աստծու և հայրենիքի համար պատրաստ կլինի նահատակության: Այս որակի մեկ զինվորը թշնամու հարյուր զինվորից ավելի ուժեղ կլինի:

Պատկերացնում եք, թե ինչ մեծ վնաս է հասցնում այս իշխանությունը մեր ազգին: Հավատացե՛ք, եկեղեցահալած այս քաղաքականության հաշիվը վճարելու ենք ամբողջ ազգով և մեծ ու ծանր գին ենք վճարելու»,-գրել է նա:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն հրամանը, որով լուծարվել է ԶՈւ-ում գործող հոգևոր առաջնորդությունը՝ միաժամանակ ներկայացնելով դրան փոխարինող ծառայության կազմակերպման կարգավորումները։

Leave a Comment