Երկու հայ մնացել է Ադրբեջանի օկուպացրած Ստեփանակերտում, սակայն նրանցից մեկը անհետ կորել է, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ 73-ամյա Լարիսա Ստեփանյանը անհետացել է վերջին պահին, երբ ադրբեջանական ուժերը փնտրում էին մնացած բնակիչներին՝ նրանց տարհանելու համար։ Նա ստիպված է եղել լքել Հադրութը 2020 թվականի պատերազմից հետո և ապրել է Ստեփանակերտի նախկին ոստիկանական կլինիկայի շենքում, որը վերածվել էր բնակարանի։ Նա անընդհատ խոսում էր Հադրութի շրջանի իր հայրենի Տող գյուղ վերադառնալու ցանկության մասին և նույնիսկ դիմել էր Ադրբեջանի նախագահին այդ հարցով։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ լավ են ճանաչում կնոջը և պարբերաբար այցելել են նրան տեղահանվելուց հետո։ Նա ասել է, որ կինը չի քննարկել այլ ապրելու տարբերակներ և վճռական է արտահայտվել ցանկացած գնով տուն վերադառնալու հարցում։
Միշա Գրիգորյանը նույնպես Ստեփանակերտում էր։ Ականատեսների վկայությամբ՝ նա նստել է մեքենա և տարվել դեպի Հակարի կամուրջ, բայց չի հասել Երևան։ Գրիգորյանը, ըստ Պետրոսյանի, նախկինում համագործակցել է Բաքվի դատարանների հետ՝ Բաքվում անօրինական կերպով բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։
«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտքերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ «լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են»,- պատմել է Պետրոսյանը:
Ավելի վաղ Պետրոսյանը հայտարարել էր, որ Արցախցի վերջին հայերը հեռացել են ոչ թե իրենց կամքով, այլ ադրբեջանական իշխանությունների ճնշմամբ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 23-ին հայտնել էր, որ Արցախում մնացած 11 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան: Նույն օրը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ բժիշկների խումբը հետազոտել է բոլոր 11 ժամանողին: 1 անձ լրացուցիչ հետազոտման նպատակով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, մյուսների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
