31 հունվարի 2026 – 12:31 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 27-28-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը փոխնախագահի կարգավիճակով նախագահել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի համակարգման հատվածի քննարկումները։ Դրանք կենտրոնացած են եղել Խորհրդի համակարգվածության, արդյունավետության և 2030 Օրակարգի կյանքի կոչման վերջին փուլում նրա դերի ամրապնդման վրա, հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունից։
Տնտսոցխորհի 80-ամյակի համատեքստում քննարկումները վերահաստատել են ընդհանուր ըմբռնումը, որ համակարգումն այլևս հանդիսանում է հավաքական վստահելիության և արդյունավետության չափանիշ։
Քննարկումների ընթացքում նշվել է, թե ինչպես կարող է Խորհուրդը առավել արդյունավետ կերպով միավորել խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների և հումանիտար գործողությունների ուղղությունները, գլոբալ հանձնառությունները վերածել անդամ պետություններին ուղղված գործնական աջակցության, ինչպես նաև ուժեղացնել համակարգվածությունը, կանխատեսելիությունն ու հաշվետվողականությունը՝ 2030 Օրակարգի իրականացման վերջին փուլին ընդառաջ։
Հիմնական ուղերձն էր․ Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է՝ ավելի հստակ քաղաքական ուղղորդման, ավելի արդյունավետ վերահսկողության, շահագրգիռ կողմերի ներառական մասնակցության և արդյունքների ու իրական ազդեցության վրա կենտրոնանալու միջոցով: