Դուք կարող եք ազատել Բաքվի բոլոր 19 հայ գերիներին. Թաթոյանի նամակը ԱՄՆ փոխնախագահին

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսին խնդրել է Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում ազատել Բաքվում պահվող բոլոր 19 հայ գերիներին ու պատանդներին։ Նա Վենսին ուղղված նամակում ևս 2 հարցով է դիմել պաշտոնյային։

Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառ․ կմ տարածք, որի պատճառով մեր սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, իսկ անվտանգությունը՝ խաթարված։

Բացի այդ, Թաթոյանը հավաստիացրել է, որ ապացույցներ ունի 2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ Ադրեջանի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, ինչի հետևանքով ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվել է 120 000 մարդ։

«Հարատև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ջանքերը նպատակին կհասնեն, երբ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից, ինչպես նաև վերականգնվեն բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի քրիստոնյա հայերի բնական իրավունքները»,- շեշտել է Թաթոյանը։

Նա նշել է, որ բարձր է գնահատում և խորապես արժևորում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան կանխելու ուղղությամբ ձեռնարկած ԱՄՆ-ի քայլերը, որի արդյունքում ստորագրվել է «TRIPP»-ը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառմանն իր ելույթում, անդրադարձել է գերիների հարցին, խաղաղության պայմանագրի գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին։

Leave a Comment