30 հունվարի 2026 – 19:09 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարակուսանք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որ ՀԱՊԿ գործընկերները չեն կատարել իրենց պարտավորությունները Երևանի նկատմամբ 2022թ․ սեպտեմբերին։
Զախարովան նշել է, որ չի հասկանում, թե ինչ «որոշման» կամ ում գործողությունների մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները, կարծես, անկապ պնդումների շարան լինեն և լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն, հայտնում է News.am-ը:
«Այդ ՀԱՊԿ-ի՞ն է նա մեղադրում է հայկական պետականությունը ոչնչացնելու մեջ։ Ինձ համար նույնիսկ տարօրինակ է այդ ամենը լսելը։ Հնարավոր է՝ մեջբերումը սխալ է ներկայացվել՝ պետք է ճշտել», — նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան ընդգծել է, որ ըստ հայտարարությունների բովանդակության՝ Փաշինյանի խոսքերը վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա միաժամանակ նշել է, որ ինքը տեղեկություններ չունի որևէ իրավական որոշման մասին, համաձայն որի այդ տարածքը ճանաչված կլիներ որպես Հայաստանի մաս։
«Ես հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանn այցելում էր այնտեղ և պարում՝ դա հիշում եմ։ Իսկ իրավական ճանաչման կամ այդ տարածքը Հայաստանի կազմ մտցնելու վերաբերյալ ինձ ոչինչ հայտնի չէ», — ասել է նա։
Այս համատեքստում Զախարովան ընդգծել է, որ առանց հասկանալու մեղադրանքների բովանդակության պարզաբանումներ հնարավոր չէ տալ:
«Ես չեմ հասկանում, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը ՀԱՊԿ-ի կողմից հայաստանյան պետականության դեմ։ Գուցե՝ այլ բան է նկատի ունեցել», — հայտարարել է պաշտոնյան։
Նա նաև հավելել է, որ հստակեցումներից ու փաստական կողմի պարզաբանումից հետո ռուսական կողմը պատրաստ է մեկնաբանություններ ու բացատրություններ ներկայացնել։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը հրաժարվել է երաշխավորել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարների զենք ևւ ռազմական տեխնիկա, որոնց համար, ըստ նրա, հայկական կողմն արդեն վճարել էր։ ՀՀ վարչապետի խոսքով՝ նման գործողությունները «գոյաբանական սպառնալիք» էին երկրի համար և վկայում էին հայկական պետականությունը վերացնելու և ինքնիշխանությունը չեղարկելու որոշման մասին։