ԱՄՆ Արևմտյան թեմի աշխարհական հավատացյալների կողմից ներկայացված կանոնական բողոքը և եկեղեցական քննության պահանջ՝ տիրադավությանը վերջ տալու հանար։
«Կանոնական բողոք և եկեղեցական քննության պահանջ՝ Արևմտյան թեմի աշխարհական հավատացյալների կողմից
20 հունվար, 2026թ.
Սրբազան Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ
Պատճեն՝
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Արևմտյան Թեմի Հոգեշնորհ Հայրեր
Ձերդ Սրբազնություն,
Մենք՝ ստորագրողներս, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան Թեմի հավատարիմ աշխարհական անդամներս, Ձեզ ենք գրում խոր ցավով, լրջությամբ և եկեղեցական-կանոնական պատասխանատվությամբ՝ Ձեր անունով կատարված վերջին գործողությունների և հրապարակային հայտարարությունների առնչությամբ, որոնք տարածվել են Թեմի պաշտոնական հարթակներով:
Այս գրությունը ներկայացվում է ոչ որպես քաղաքական հայտարարություն, այլ որպես պաշտոնական կանոնական բողոք, հիմնված Սուրբ Գրքի, Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ կանոնների և եկեղեցական պատմական սուրբ ավանդության վրա՝ համաձայն որի՝ հավատացյալ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել եկեղեցական կարգը, միասնությունն ու առաքելական շարունակականությունը։
1. Աշխարհական հավատացյալների կանոնական դիրքը
Հայ Առաքելական Եկեղեցու անխախտ ավանդության համաձայն՝ հավատացյալ ժողովուրդը պասիվ դիտորդ չէ, այլ Քրիստոսի Մարմնի լիարժեք և պատասխանատու անդամ:
Ինչպես ուսուցանում է Սուրբ Ներսես Շնորհալին.
«Եկեղեցին կանգուն է մնում հովիվների և հոտի հավատարմության շնորհիվ»:
Սուրբ կանոնները հստակորեն հաստատում են, որ կանոնական կարգի պահպանումը համատեղ պարտականություն է եպիսկոպոսների, հոգևորականների և աշխարհականների, հատկապես այն դեպքում, երբ վտանգվում է եկեղեցական միասնությունը։
II. Խոր մտահոգություն ոչ կանոնական գործողությունների վերաբերյալ
Խոր մտահոգություն ենք հայտնում հետևյալ հանգամանքների առնչությամբ.
1. 2026 թ. հունվարի 15-ին փակ և արտահերթ հոգևորականաց ժողովի գումարումը, որի վերաբերյալ որևէ հանրային պարզաբանում չի տրվել այն մասին, թե՝
նախապես գումարվե՞լ է արդյոք Թեմական Խորհրդի օրինական նիստ, և արդյոք այդ Խորհուրդը լիազորել կամ հաստատել է ժողովից հետո հրապարակված հայտարարությունը։
2. Երկարածավալ զրպարտչական փաստաթղթի հրապարակումը, որը.
հրապարակվել է Թեմի անունից,
տարածվել է Թեմի պաշտոնական Facebook-յան հարթակով,
առանց Թեմական ժողովի հաստատման որևէ ապացույցի։
Ուստի մենք պաշտոնապես հարցնում ենք.
Գումարվե՞լ է արդյոք Թեմական խորհրդի նիստ:
Եթե այո՝ կազմվե՞լ են արձանագրություններ և կատարվե՞լ է քվեարկություն:
Եթե ոչ՝ ի՞նչ կանոնական լիազորությամբ է այդ փաստաթուղթը ներկայացվել որպես թեմական դիրքորոշում։
Եկեղեցական կանոնները չեն թույլատրում, որ Թեմի Առաջնորդը միանձնյա կերպով հանդես գա այնպիսի հարցերում, որոնք առնչվում են Կաթողիկոսարանի հետ հաղորդությանը և Եկեղեցու միասնությանը:
III. Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ուղղված զրպարտություններ և կանոնական ընթացակարգի խախտում
Ձեր հրապարակված տեքստը պարունակում է լուրջ բարոյական և կանոնական զրպարտություններ, ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ:
Սուրբ կանոնների և եկեղեցական դարավոր կարգի համաձայն.
Եթե որևէ եպիսկոպոս ունի մտահոգություններ Կաթողիկոսի անձի կամ վարքի վերաբերյալ, նա պարտավոր է նախ անձնապես դիմել Կաթողիկոսին, եղբայրական ուղղման և եկեղեցական կարգի ոգով։
Եթե այդ մտահոգությունները չեն լուծվում և առկա են հիմնավոր ապացույցներ, միայն այդ դեպքում հարցը կարող է ներկայացվել իրավասու կանոնական ժողովի կամ եկեղեցական ատյանի։
Այս ընթացակարգից առաջ կամ անկախ դրա իրականացումից զրպարտությունների հրապարակային տարածումը հանդիսանում է կանոնական կարգի ծանր խախտում։
Սուրբ Գիրքը պատվիրում է.
«Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք» (Մատթեոս 7:1)
«Ինչո՞ւ ես տեսնում քո եղբոր աչքի շյուղը, բայց քո աչքի գերանը չես նկատում»
(Մատթեոս 7:3)
Հայ Առաքելական Եկեղեցին միշտ ուսուցանել է, որ Կաթողիկոսի վերաբերյալ հարցերը կարող են քննվել միայն պատշաճ կանոնական ընթացակարգով, երբեք՝ միակողմանի կամ հրապարակային հայտարարություններով:
IV. Եպիսկոպոսական երդման և կանոնական հավատարմության խախտում
Իր եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ յուրաքանչյուր եպիսկոպոս հանդիսավոր կերպով երդվում է հնազանդվել Սրբազան Կանոններին և հավատարմություն է խոստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Հրապարակային զրպարտությունների տարածմամբ, ժողովական իշխանությունից դուրս գործելով և Կաթողիկոսարանի հետ հաղորդությունը խաթարելով՝ այդ կանոնական երդումը խախտվել է:
Այս խախտումը զուտ ընթացակարգային չէ. այն հարվածում է եպիսկոպոսական ծառայության հիմքին, որը հաստատված է հնազանդության, խոնարհության և առաքելական միասնության վրա:
V. Կաթողիկոսի անվան հիշատակման կանոնական պարտավորությունը
Մեզ խորապես անհանգստացնում են հայրենիքից եկող տեղեկությունները, որ որոշ քահանաներ ուղղակի կամ անուղղակի կերպով ճնշման են ենթարկվում Սուրբ Պատարագի ընթացքում Կաթողիկոսի անունը չհիշատակելու նպատակով:
Այս գործողությունը հանդիսանում է.
առաքելական և ծիսական կարգի հստակ խախտում, և պատմականորեն ճանաչված պառակտողական վարքագծի նշան:
Սուրբ Պատարագի ընթացքում Կաթողիկոսի անվան հիշատակումը կամընտրելի չէ։ Այն Եկեղեցու միասնության տեսանելի նշանն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:
Ուստի մենք պաշտոնապես տեղեկացնում ենք Արևմտյան Թեմի հոգևորականությանը.
Հավատացյալ ժողովուրդը հետևում է:
Կանոնական կարգից որևէ շեղում արձանագրվելու է:
Սա սպառնալիք չէ, այլ պատասխանատվության հայտարարություն՝ ի պաշտպանություն Եկեղեցու կարգի:
VI. Զգուշացում Թեմի հոգևորականներին
Մեր հարգելի հոգևոր հայրերին,
Եղբայրական սիրով և կանոնական ճշմարտությամբ հորդորում ենք Ձեզ.
Հնազանդությունը պարտավոր է լինել նախ և առաջ Եկեղեցու կանոններին, այլ ոչ քաղաքական իշխանությանը, արտաքին ճնշումներին կամ արտաեկեղեցական շարժումներին:
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ոչ-կանոնական հրահանգներին հետևած հոգևորականները հաճախ մնում են լքված, երբ քաղաքական իրավիճակը փոխվում է:
Սուրբ Գրիգոր Տաթևացին զգուշացնում է.
«Քահանայի անգիտությունը կամ վախը ժողովրդի կործանման սկիզբն է»։
Մնացե՛ք հավատարմության մեջ։
Մնացե՛ք կանոնական։
Մնացե՛ք առաքելական կարգի մեջ։
VII. Քաղաքական շփոթություն և բարոյական հակասություն
Մենք չենք կարող անտեսել այն բարոյական հակասությունը, որը առկա է եկեղեցական «բարեփոխումներին» աշխարհիկ իշխանության մասնակցության մեջ, հատկապես երբ այդ համախոհությունը առկա է կառավարության հետ, որի օրոք.
Արցախը կորցվեց,
ավելի քան 120,000 հայ քրիստոնյաներ ենթարկվեցին էթնիկ զտման,
եկեղեցական կյանքն ու ազգային միասնությունը ծանր հարված կրեցին,
մեր հայրենակիցները մինչ օրս գերի են թշնամու ձեռքում,
մի շարք հոգևորականներ հայրենիքում անիրավաբար բանտարկվեցին:
2025 թ. դեկտեմբերի 2-ին, Սուրբ Ղևոնդյաց Մայր Տաճարում կայացած 15-րդ տարեկան էկումենիկ արարողության ընթացքում, Սան Ֆրանցիսկոյի Մետրոպոլիտ Գերասիմոսը արդարացիորեն նշեց.
«Արցախում տեղի ունեցածը արտացոլում է Մերձավոր Արևելքի, Սուրբ Երկրի, Իրաքի և Սիրիայի քրիստոնյաների ավելի լայն իրականությունը»:
Հարց ենք ուղղում պարզ ու հստակ.
Կարո՞ղ է աշխարհիկ առաջնորդը, որը ոչ եկեղեցական, ոչ իրավական ամուսնության մեջ չէ և չի ապրում Եկեղեցու ուսմունքին համապատասխան, բարոյական իրավունք ունենալ առաջնորդել եկեղեցական բարեփոխումներ:
Եկեղեցին է վերափոխում աշխարհը, այլ ոչ թե աշխարհը՝ Եկեղեցին:
VIII. Անմիջական կանոնական քայլերի պահանջ
Հարգանքով, բայց վճռականորեն պահանջում ենք.
1. Գրավոր պարզաբանում թեմական ժողովական հաստատման վերաբերյալ, որը հրապարակայնորեն կհաղորդվի Ձեր պաշտոնական կամ անձնական հարթակներով (ներառյալ Facebook-ը կամ Instagram-ը), կամ ցանկացած այլ եղանակով, որը Դուք նպատակահարմար կգտնեք։
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ուղղված հրապարակային զրպարտությունների անհապաղ դադարեցում։
3. Կաթողիկոսի պատարագական հիշատակման շարունակակնություն Թեմի բոլոր եկեղեցիներում։
4. Բողոքների ներկայացում, եթե այդպիսիք կան, համապատասխան եկեղեցական ատյաններին:
5. Թեմի պաշտոնական հարթակների պաշտպանություն միանձնյա հայտարարություններից։
Այս գրությունը հանդիսանում է պաշտոնական եկեղեցական փաստաթուղթ, ներկայացված բարի հավատով՝ աշխարհական հավատացյալների կողմից։
IX. Վերջնական հավատարմության հայտարարություն
Մենք վերահաստատում ենք.
Մեր հավատարմությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Վեհափառ Հորը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Մեր հնազանդությունը կանոնական կարգին:
Մեր անսասան միասնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:
Մենք մերժում ենք հերձվածը, քաղաքականացումը և միանձնյա կամայականությունը՝ նույնիսկ երբ դրանք ներկայացվում են «բարեփոխման» անվան տակ։
Թող Քրիստոսը՝ Եկեղեցու ճշմարիտ Գլուխը, պահպանի Իր Հարսը պառակտումից։
Աղոթքով և վճռականությամբ,
Արևմտյան Թեմի հավատացյալ աշխարհականներ»: