Իրաքում փետրվարի 1-ի տեղի կունենան նախագահական ընտրություններ: Նոր ամսաթիվը սահմանվել է երկրի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի) կողմից։
«Փետրվարի 1-ի նստաշրջանի օրակարգում են խորհրդարանի մի քանի անդամների երդմնակալությունը և նախագահական ընտրությունները», – ասվում է INA լրատվական գործակալության կողմից հրապարակված խորհրդարանական մամուլի հաղորդագրության մեջ։
Իրաքի նախագահական ընտրությունները նախատեսված էին հունվարի 27-ին, սակայն խորհրդարանական նստաշրջանը հետաձգվեց քվորումի բացակայության պատճառով։
2025 թվականի դեկտեմբերի 29-ին Իրաքի խորհրդարանը ընտրել է նոր խոսնակ։ Դրանով սկսվել է 30-օրյա հետհաշվարկը, որի ընթացքում, ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի անդամները պարտավոր են ընտրել հանրապետության նախագահ, որը պետք է հանձնարարի ամենամեծ կոալիցիային առաջադրել վարչապետի թեկնածու։ Հունվարի 24-ին Իրաքի շիական դաշինքների և կուսակցությունների մեծ մասի ներկայացուցիչներին միավորող Համակարգող խորհուրդը պաշտոնապես հայտարարեց Նուրի ալ-Մալիքիի առաջադրման մասին որպես վարչապետի պաշտոնի իր թեկնածու։
Իրաքի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը պետք է լինի քուրդ, վարչապետը՝ շիա մուսուլման, իսկ խորհրդարանի խոսնակը՝ սուննի մուսուլման։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է տասնութ թեկնածու, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը, որին աջակցում է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը։