«Մենք 5 տարվա ընթացքում առնվազն մեկ միլիոն հայ պետք է դարձնենք ԱԲ գրագետ. այսպիսի պլան է իր առջև
դրել «ռեԱրմենիա» ակադեմիան և այդ ուղղությամբ շարժվում է»,- ակադեմիայի առաջին համայնքային հանդիպման
ժամանակ նշեց «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Ակադեմիան «AI քեզ հանդիպում» խորագրի ներքո հավաքել էլ ԱԲ գրագիտության իր նախաձեռնած շարժմանը
միացած շուրջ 300 մասնակիցների և գործընկերների: Ընդհանուր առմամբ ակադեմիայի` անցյալ տարվանից
մեկնարկած ԱԲ գրագիտության դասընթացների մասնակիցների թիվն արդեն հատել է 9000-ը:
«ռեԱրմենիա» ակադեմիան գործում է 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական
հմտությունների ծրագրեր, ներառյալ 21-րդ դարի հմտություններ և շարունակական կրթություն, AI Agentic
Education (AI ագենտների կիրառմամբ կրթություն) հարթակներ, ինչպես նաև AI տրանսֆորմացիայի
խորհրդատվություն և AI ավտոմատացումներ կազմակերպությունների համար։
«ռեԱրմենիա» ակադեմիայի դասընթացներին միացած կազմակերպություններից է Ամերիաբանկը: «Արդեն քանի
ամիս է կրթական պրոցես ենք սկսել, որի շրջանակում բանկի աշխատակիցներին ԱԲ գրագիտության ինտենսիվ
դասընթացներ ենք տալիս»,-պատմում է Գևորգ Պողոսյանը:
Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը հավաստում է,
որ ձևաչափն արդյունավետ է. «Բանկի աշխատակիցների արդեն 3-րդ խումբն է մասնակցում ԱԲ-ի այս
դասընթացներին: Շատ հետաքրքիր է, որ 100-հոգանոց լսարանում մարդիկ կարող են հավասար սովորել, իրար
վարակել, և այդ փորձառությունը միավորի նրանց »,- ասում է Աննա Վարդանյանցը։
«AI քեզ հանդիպում» խորագրով միջոցառման շրջանակում հրավիրված պանելային քննարկման մասնակիցները
կիսվեցին իրենց դիտարկումներով այն մասին, թե ինչպես շարժվել ԱԲ-ի հետ համընթաց:
«ԱԲ-ին համընթաց քայլելը շատ դժվար է. ամեն օր սնկի պես նոր գործիքներ են աճում: Երևի ամենապարզ բանը, որ
կարելի է անել, դա ուղղակի հետաքրքրասեր լինելն է»,- կարծում է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն
Սյուզաննա Շամախյանը:
«Ինձ համար ԱԲ-ի հետ համընթաց քայլելը համարձակ լինելն է ու միանգամից չասել` ոչ»,- ասում է ԱՄԻՕ բանկի
Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար Աննա Կոնջորյանը։
«Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Արամ Փախչանյանն էլ ԱԲ-ի հետ փոխգործակցության մեջ կարևորում
է սովորելու տարրը. «Երբ մի գործ ցանկանում ես ԱԲ-ի օգնությամբ անել, դա նշանակում է անձնային խոստում, որ
դու էլ ես դա սովորելու իրեն զուգընթաց: Պետք է մտնել ոլորտի մեջ, որպեսզի ԱԲ-ն դառնա քեզ օգնական»:
Բանախոսները եզրակացնում են` ԱԲ-ն մեր փոխարեն չի աշխատելու: Բայց մտածող ու ստեղծարար մարդու համար
կարող է դառնալ լավագույն գործընկեր:
Հավելենք, որ «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարել է ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։
Ընկերությունը 670,000 ԱՄՆ դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝
ընկերության 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025թ. նոյեմբերին
Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար:
Զուգահեռաբար «ռեԱրմենիա» ակադեմիան դուրս է գալիս միջազգային շուկա՝ մեկնարկելով ռազմավարական
համագործակցություն Հնդկաստանի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի՝ Bharatiya Vidya
Bhavan-ի (BVB) և #ai4abillion կամավոր, հասարակական նախաձեռնության հետ։