Անձը 12 ամիս համարվում է առողջության ապահովագրության շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից

Անձը 12 ամիս համարվում է առողջության ապահովագրության շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից

30 հունվարի 2026 – 16:08 AMT

PanARMENIAN.Net – Եթե քաղաքացին 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մտնում է առողջության ապահովագրության համակարգ, ապա մնում է այդ համակարգում 12 ամիս՝ անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից: Այդ մասին Ազգային ժողովում համակարգի ներդրման ընթացքին նվիրված քննարկման ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա այդպես է պատասխանել պատգամավորների հարցին, թե արդյոք աշխատավարձի նվազման դեպքում՝ օրինակ, ուսուցչի դրույքի կրճատման պայմաններում, անձը դուրս է գալիս համակարգից, հայտնում է Արմենպրեսը:

«Երբ անձը մի անգամ մտնում է ապահովագրական համակարգ, նա 12 ամսվա ընթացքում արդեն համակարգի մեջ է: Համակարգի կայունությունը պետք է ապահովենք, չի կարող ամեն ամիս մեկը մտնել, դուրս գալ: Այդ դեպքում կունենայինք շատ անկանխատեսելի ծախսեր: Եթե մեկ ամսվա ընթացքում անձի աշխատավարձը կազմել է 200 հազարից ավելի, անձը ներառվել է ապահովագրական համակարգ, ապա նրա՝ հաջորդիվ աշխատավարձի փոփոխությունները դիտարկելի չեն, նա մնում է ապահովագրական համակարգում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այս բարեփոխումը բնութագրել է որպես կառավարության և խորհրդարանական մեծամասնության ամենակարևոր ծրագրերից մեկը, հայտնում է 1lurer.am-ը:

Նա հղում է արել վարչապետի հրապարակած տվյալներին՝ նշելով, որ 65-ից բարձր տարիք ունեցող 50,073 թոշակառու արդեն ստացել է մոտ 4.3 միլիարդ դրամի բժշկական օգնություն պետական բյուջեի հաշվին։

Ըստ ներկայացված թվերի՝ 57 թոշակառու ստացել է մինչև 4 միլիոն դրամի աջակցություն, 158 թոշակառու՝ 2-ից 4 միլիոն դրամի չափով, իսկ 802 թոշակառու ստացել է 1-ից 2 միլիոն դրամի օգնություն։

Կոնջորյանը նշել է, որ այս ցուցանիշներն աննախադեպ են և վկայում են պետության ակտիվ ներգրավվածության մասին՝ առողջական խնդիրների առաջ քաղաքացիներին միայնակ չթողնելու հարցում։

Նրա գնահատմամբ՝ նոր համակարգը հստակ ապացուցում է կառավարության որդեգրած սոցիալական քաղաքականության արդյունավետությունը։

Համաձայն ներկա կարգավորումների՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլում ընդգրկվել են մինչև 18 տարեկան անձինք, 65 և բարձր տարիք ունեցողները, 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողները, հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, սոցիալական աջակցություն ստացողները և զոհված զինծառայողների ընտանիքները։ Այս խմբերի ընդհանուր շահառուների թիվը կազմում է մոտ 1 միլիոն 500 հազար մարդ։

Leave a Comment