Արշակյանը հուսով է, որ Հունգարիան կաջակցի ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսությանը

Արշակյանը հուսով է, որ Հունգարիան կաջակցի ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսությանը

30 հունվարի 2026 – 16:27 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ հանդիպմանը նշել է, որ երկարատև դադարից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը ցույց է տալիս, որ երկխոսությամբ լուծելի են բոլոր խնդիրները։

Վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսության շրջանակում Հունգարիային արդեն փոխանցվել է գործողությունների ծրագիրը։ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Հունգարիան հանդես կգա այդ նախաձեռնությանն աջակցող դիրքորոշմամբ:

Հակոբ Արշակյանը դրական է գնահատել Բուդապեշտում Հայաստանի և Երևանում Հունգարիայի դեսպանատների վերաբացումը՝ կարևորելով այդ քայլի դերը երկկողմ կապերի զարգացման հարցում։ Այս համատեքստում նա նաև շեշտադրել է խորհրդարանական համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ բարեկամական խմբերի մակարդակում։

Նա հյուրին ներկայացրել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցային գործընթացը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրին, նախաստորագրված խաղաղության համաձայնագրին և TRIPP նախագծին։

«Խաղաղության և համագործակցության խթանման պետական քաղաքականության գաղափարն ամրապնդվեց այս տարվա հունվարի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ` մասնակցեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը: Ուրախալի է, որ այս կարևոր հարթակին մասնակցում է նաև Հունգարիան»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը։

Հակոբ Արշակյանը նաև առանձնացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց հայրենադարձման հարցը՝ շեշտելով, որ Հայաստանը գնահատում է Հունգարիայի՝ հումանիտար բնույթի խնդիրների կարգավորմանն ուղղված քայլերը։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության աջակցությամբ Հայաստան է վերադարձել 5 հայ ռազմագերի։

Իշտվան Յակաբը, իր հերթին, բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և ջերմ հարաբերությունները՝ ընդգծելով, որ դրանք դինամիկ կերպով զարգանում են թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մակարդակներում։ Նա կարևորել է խաղաղության գործընթացի առաջխաղացումը՝ նշելով, որ դրա այլընտրանքը բացակայում է։ Ըստ նրա՝ Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ Եվրամիության ինտեգրման գործընթացին և հանդես է գալիս վիզաների ազատականացման օգտին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տնտեսական ոլորտում կապերի խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Զրույցի ավարտին կարևորվել է հունգարահայ համայնքի դերը՝ որպես կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment