Լույս է տեսել «Երևան. խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետությունը» գիրքը

Լույս է տեսել «Երևան. խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետությունը» գիրքը

30 հունվարի 2026 – 15:50 AMT

PanARMENIAN.Net – «Գառաժ» ժամանակակից արվեստների թանգարանի հրատարակչությունում լույս է տեսել «Երևան. խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետությունը» գիրքը, որը նվիրված է քաղաքի 1960–1980-ական թվականների կարևորագույն շենքերին և ճարտարապետական համալիրներին։

Հրատարակությունը ներկայացնում է տարբեր նշանակության և մասշտաբի կառույցներ՝ մշակութային և հասարակական օբյեկտներից մինչև արդյունաբերական համալիրներ, որոնք ձևավորել են ժամանակակից Երևանի դիմագիծը՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի զուսպ ճարտարապետությունից մինչև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոնումենտալ լուծումները։

Գրքում հատուկ տեղ է զբաղեցնում Երևանի կոնյակի գործարանի ճարտարապետական համալիրը, որը դիտարկվում է որպես քաղաքային համայնապատկերի և մայրաքաղաքի պատմական ժառանգության կարևոր մաս։

«Կոնյակի գործարանի համալիրին ավելացված մասնաշենքերն այն կարծես վերածում են բերդաքաղաքի և հիշեցնում արտադրության պատմությունը», – այսպես է սկսվում Երևանի կոնյակի գործարանի ճարտարապետությանը նվիրված գլուխը, որտեղ հայկական կոնյակի պատմության առանձին դրվագներ արտացոլվում են համալիրի ճարտարապետական լուծումների և արտահայտչական տարրերի վերլուծության մեջ։

«ARARAT-ի համար կարևոր է լինել Երևանի ժառանգության պահպանման և վերաիմաստավորման շուրջ ձևավորվող երկխոսության մի մասը։ Լիահույս ենք, որ այս գրքի շնորհիվ ընթերցողները կկարողանան ավելի խորը ճանաչել քաղաքը, նոր հայացքով դիտարկել նրա ճարտարապետությունը և տեսնել, թե ինչպես են տարբեր ժամանակաշրջաններն ու իմաստները միավորվում քաղաքային միասնական համայնապատկերում», – նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Leave a Comment