ՌԴ ԱԳՆ պաշտոնյա․ ԵՄ-ն կարող է համերաշխություն պահանջել Հայաստանից՝ ՌԴ դեմ

ՌԴ ԱԳՆ պաշտոնյա․ ԵՄ-ն կարող է համերաշխություն պահանջել Հայաստանից՝ ՌԴ դեմ

30 հունվարի 2026 – 13:38 AMT

PanARMENIAN.Net – ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը, անդրադառնալով ԵՄ-ին մերձենալու Հայաստանի մտադրութանը, նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում այլ պետությունների ինքնիշխան իրավունքին: Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը գիտակցում է Բրյուսելի հետ արագ մերձեցման հնարավոր բացասական հետևանքները:

Նա նշել է, որ ԵՄ-ն կարող է համերաշխություն պահանջել Հայաստանից՝ ՌԴ դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանի ղեկավարությունը միանշանակ ցույց է տվել իր շահագրգռվածությունը Եվրամիության հետ առավելագույն մերձեցման հարցում։ Այդ ջանքերի շրջանակում 2025 թվականի ապրիլին երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որը մինչ այդ հաստատվել էր խորհրդարանի կողմից։

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում այլ պետությունների ինքնիշխան իրավունքին՝ մասնակցելու ինտեգրացիոն միություններին, ինչպես նաև տնտեսական զարգացման նոր հնարավորություններ ստանալու ու սեփական ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու ձգտումներին։ Սակայն՝ Բրյուսելի ռազմավարական հակառուսական կուրսի և Եվրամիության՝ ագրեսիվ ռազմական-քաղաքական բլոկի վերածվելու գործընթացի ֆոնին, ԵՄ-ին անդամակցելու ՀՀ ձգտումը չէր կարող չհարուցել մեր մտահոգությունը։

Ակնկալում ենք, որ Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, գիտակցում է Բրյուսելի հետ արագ մերձեցման հնարավոր բացասական հետևանքները ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների համար»,-ասել է նա:

Մասլեննիկովն ասել է, որ միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունը սկզբունքորեն հնարավոր չէ։

«Արդեն հիմա Բրյուսելն ակտիվորեն պարտադրում է Երևանին անցում իր չափանիշներին՝ հաշվի չառնելով այս անդրկովկասյան հանրապետության ԵԱՏՄ անդամ լինելը և այդ առնչությամբ ստանձնած պարտավորությունները։

Ավելին, ինչ-որ փուլում Բրյուսելը յուրաքանչյուր թեկնածու երկրից սկսում է պահանջել արտաքին քաղաքականության գծով լիակատար համերաշխություն, որն այս պահին հստակ հակառուսական ուղղվածություն ունի։ Հուսով եմ՝ Երևանում գիտակցում են նաև, որ Բրյուսելի բոլոր պահանջների կատարումը դեռևս չի երաշխավորում անդամակցություն ԵՄ-ին։

Այս հանգամանքը լավ է ցույց տալիս Արևմտյան Բալկանների երկրների օրինակը, որոնք արդեն տասնամյակներ շարունակ սպասում են Եվրամիության «հերթում»՝ (Ալբանիան՝ 2000-ից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2004-ից, Չեռնոգորիան՝ 2008-ից, Սերբիան՝ 2009-ից), կատարելով եվրաբյուրոկրատների խիստ պահանջները, որոնք հաճախ մեծապես ոչ ժողովրդական են, սակայն այդպես էլ չեն մոտենում իրենց «եվրախնձորի» իրագործմանը»,-ասել է Մասլեննիկովը:

Նա հավելել է, որ չպետք է մոռանալ, որ իրականում ԵՄ-ին անդամակցելը, հատկապես նրա ներկա վիճակը հաշվի առնելով, թեկնածու երկրներին բարեկեցություն չի երաշխավորում։ Նա բերել է Բալթյան երկրների օրինակը, որոնց ԵՄ կազմում գտնվելու 20-ամյակի շրջանակում նշված տնտեսական և ժողովրդագրական տվյալները, մեղմ ասած, տպավորիչ չեն։

2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Leave a Comment