30 հունվարի 2026 – 13:48 AMT
PanARMENIAN.Net – Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է ԵՄ Խորհրդի կողմից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության վերաբերյալ որոշումը, որը կայացվել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում։
«Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»,- նշել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Ըստ ԵՄ Խորհրդի՝ աջակցության միջոցառումը կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և կխթանի զինված ուժերի փոխգործունակությունը, ինչը հնարավորություն կընձեռի ապագայում մասնակցել միջազգային ռազմական առաքելությունների և գործողությունների՝ այդ թվում Եվրամիության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին։
ԵՄ-ն ընդգծել է նաև իր հանձնառությունը՝ խորացնելու համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ԵՄ-ՀՀ նոր ռազմավարական օրակարգի սկզբունքների վրա։
ԵՄ Խորհուրդն ընդունել է որոշում, որի համաձայն՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին կհատկացվի 20 միլիոն եվրո։ Այս աջակցությունը միտված է Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունների բարելավմանը՝ հատկապես քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում։