Հունվարի 31-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը։
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Հայր Զաքարին պատասխանում է աև այս օրերին ամենատարծված հարցին՝ ուտե՞լ աղի բլիթ, թե ոչ.
«Հայոց եկեղեցում աղի բլիթի օրհնության ծիսակարգ չկա։ Այս ավանդույթը Սուրբ Սարգսի տոնի ժողովրդական սովորույթներից է։ Ուստի դրա մեջ աստվածաբանական իմաստ կամ խորը հոգևոր նշանակությու փնտրելը պարապ զբաղմունք է։
Բնականաբար, եթե մենք աղի բան ենք ուտուոմ, ապա նաև շատ ջուր ենք խմում, երբ մեկի մասին շատ ենք մտածում, կարող ենք տեսնել մեր երազում։
Սիրելի երիտասարդները, իմ խորհուրդը հետևյալն է՝ վաղը գնացեք և սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում մասնակցեք սուրբ պատարագին, հաղորդվեք և աղոթեք, խնդրեք Տիրոջից, որ նրա կամքով հանդիպեք ձեր երկրորդ կեսին։
Սիրեք և սիրված եղեք։ ՛