30 հունվարի 2026 – 13:18 AMT
PanARMENIAN.Net – «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ կայցելի փետրվարի 9-ին:
Ըստ նրա՝ ամերիկյան քաղաքական աջակցությունն արագ պետք է վերածել գործնական, չափելի և պատասխանատվությամբ ամրագրված փաթեթի:
«Եվ այսպես՝ փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան: Այդ այցը պետք է նշանավորվի ստորագրված, հստակ ժամկետներով ամրագրված և գործնականում իրականացվող պայմանավորվածություններով։
Հայաստանի ազգային շահը աներկբա է՝ ամերիկյան քաղաքական աջակցությունն արագ վերածել գործնական, չափելի և պատասխանատվությամբ ամրագրված փաթեթի՝ պաշտպանունակության իրական ուժեղացում (ժամանակակից պաշտպանական միջոցներ, տեխնոլոգիաներ, ուսուցում և համատեղ ծրագրեր), էներգետիկ անկախություն (նոր հզորություններ, ցանցերի արդիականացում, ներդրումային գործիքներ), տեխնոլոգիա ու կապիտալ (R&D, ստարտափ էկոհամակարգ, արտադրական ներդրումներ), և տարածաշրջանային հաղորդակցություններ՝ Հայաստանի ինքնիշխանության անխախտ սկզբունքով։
Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այս այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակացույցով, ինչ գործիքակազմով, և կոնկրետ ով է պատասխանատու դրա իրագործման համար։
Եթե ԱՄՆ-ն տարածաշրջանում խոսում է անվտանգության և գործընկերության մասին, ապա Հայաստանը պետք է ստանա համարժեք հնարավորություն՝ ձեռք բերելու նոր պաշտպանական կարողություններ։ Մեր նպատակը պետք է լինի մեկը՝ խոստումը դարձնել պայմանագիր, պայմանագիրը՝ կիրառելի գործիք, իսկ գործիքը՝ պաշտպանունակ Հայաստան, աշխատող տնտեսություն և կայուն զարգացում՝ չափելի, շոշափելի արդյունքներով»,-ասվում է գրառման մեջ:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանից բացի, կայցելի նաև Ադրբեջան: