30 հունվարի 2026 – 13:03 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն և ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հանդիպել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակության հետ։ Ղազարյանը նշել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի դերը՝ որպես արդյունավետ համագործակցության օրինակ։
Նրա խոսքով՝ կենտրոնը վերջին տասնամյակում պարտաճանաչությամբ և օպերատիվությամբ իրականացրել է իր առջև դրված խնդիրները։
Արամ Ղազարյանը շեշտել է, որ առկա գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի ու Ռուսաստանի փրկարար կառույցները պետք է ցուցաբերեն համակարգված և փոխլրացնող մոտեցում՝ միտված բնակչության պաշտպանությանը, արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և մարդասիրական օժանդակության տրամադրմանը։ Նա նաև վստահեցրել է, որ ՆԳ նախարարությունը շարունակելու է ներդնել առավելագույն ջանքերը՝ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար։
Իր հերթին՝ Վյաչեսլավ Բուտկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ հաստատված ուղիղ և անկաշկանդ երկխոսության կարևորությունը։ Նա նշել է, որ երկկողմ փոխգործակցության շրջանակում առանցքային դեր ունի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որն իրեն հաստատել է որպես արդյունավետ և անհրաժեշտ հարթակ համատեղ արձագանքման համար։
Կողմերն ընդգծել են համագործակցության շարունակականության կարևորությունը՝ մասնավորապես կարողությունների զարգացման և փորձի փոխանակման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բուտիրսկին ներկայացրել է կենտրոնի 2025 թվականի ծրագրերն ու ընթացիկ տարվա հիմնական առաջնահերթությունները։
Հանդիպման ավարտին Արամ Ղազարյանը և Վյաչեսլավ Բուտկոն այցելել են Փրկության նվիրյալների պատվո հուշարձան և խոնարհել ծաղիկներ։