«Եթե անձը չգիտի՝ ինչպես ներբեռնել կամ ինչպես գործարկել ԱՐՄԵԴ հավելվածը, ապա այս պարագայում մոտենում է առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և քաղաքացուն օգնում են գործընթացն իրականացնել»:
Այս մասին Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի դիտարկմանը, ըստ որի՝ եթե քաղաքացին չի կարողանում ներբեռնել հավելվածը կամ չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ հավելվածն ակտիվացնելու և համակարգում ընդգրկվելու համար, ինչ պետք է անի:
«Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկը բացում է ԱՐՄԵԴ-ի տեսանելի դաշտերը, և այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում՝ ներկայացնելով բուժառուին: Այստեղ էլ որևէ խնդիր չկա, եթե մարդը սմարթ հեռախոս չունի, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից օգտվելու խնդիր կունենա:
Մի այլ հանգամանք էլ. եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր ԱՐՄԵԴ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ-ինչ պատճառներով ընկել է շտապօգնության միջոցով հիվանդանոց, սա ևս խոչընդոտ չէ նրա իրավունքն իրացնելու համար: Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակում հաստատումը կիրականացվի, և նա կստանա իր բուժօգնությունը»,- նշել է նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
102 դիտում