ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի առանձնատան վաճառքի գործարքը գտնվում է ստուգման փուլում. իրավապահները փաստաթղթեր են պահանջել շինարարական ընկերություններից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Կոնջորյանը և նրա կինը 2024 թվականի հուլիսին Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասում գտնվող առանձնատուն են ձեռք բերել 54 մլն դրամով, նշել է պարբերականը: «Հետքը» գրել էր, որ առանձնատան շուկայական արժեքը մոտ 75,6 մլն դրամ է՝ շուրջ 21,6 մլն դրամով ավելի բարձր, քան Կոնջորյանի գնման գինը՝ մոտ 54 մլն դրամ։ Ընդ որում, գործարքի գումարը թույլ է տալիս օգտվել եկամտահարկից։
Օրաթերթը հավելել է, որ դեռ 2025 թվականի վերջին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում սկսվել է մանրամասն ստուգում՝ հասկանալու համար, թե արդյոք այդ առանձնատան գնի պայմանագրային արժեքը նախատեսված է եղել հարկային արտոնությունից օգտվելու նպատակով, թե այն համարվում է շուկայական գործարք՝ առանց կոռուպցիոն ռիսկերի։
