Հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության են եկել ԱՄՆ-ի բյուջեի փաթեթի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության են եկել ֆինանսավորման փաթեթի որոշ մասերի առաջմղման վերաբերյալ, հայտնում է BBC-ն:

Սենատի դեմոկրատներն ու հանրապետականները հինգ ծախսային օրինագծից բաղկացած փաթեթի շուրջ համաձայնության են եկել հունվարի 29-ին, սակայն փաթեթից հանել են վեցերորդ օրինագիծը, որը վերաբերում էր Ներքին անվտանգության նախարարության (DHS) ֆինանսավորմանը։

DHS-ի ֆինանսավորումը կշարունակվի ներկայիս մակարդակով ևս երկու շաբաթ, մինչ կողմերը կաշխատեն նախարարության ֆինանսավորման նոր համաձայնության շուրջ։

Համաձայնությունը նախատեսում է Պաշտպանության նախարարության, Առողջապահության նախարարության, գանձապետարանի, դաշնային դատական համակարգի և այլ գործակալությունների ֆինանսավորում մինչև 2026-ի ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը։

Դեմոկրատ սենատորները կոշտացրել են իրենց պահանջները՝ բացահայտ կոչ անելով հեռացնել DHS-ի նախարար Քրիստի Նոեմին:

Ծախսային օրինագիծն արդեն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում դրա առաջմղման համար անհրաժեշտ էր 60 ձայն։

ԱՄՆ-ում 2025-ի աշնանը 40 օրից ավելի շաթդաուն էր: Պետական բազմաթիվ ծառայություններ հոկտեմբերից չէին գործում, շուրջ 1,4 միլիոն դաշնային ծառայող գտնվել էր անվճար արձակուրդում կամ աշխատել առանց վարձատրության։ Սննդային օգնության ծրագրերը նույնպես կասեցվել էին, իսկ օդային հաղորդակցությունը խափանվել էր ամբողջ երկրում։

Leave a Comment