30 հունվարի 2026 – 11:24 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբության եթերում, անդրադառնալով կարգալույծ արված արքեպիսկոպոս Սարոյնի գործով դատական ակտի կատարմանն առնչվող վարույթի հարուցմանը, ասել է, որ «փաստացի քրեական հետապնդում է հարուցվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և ԳՀԽ անդամների դեմ»:
Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ քրգործ են հարուցել ՀԱԵ դեմ, որի հիմքում ընկած է Գևորգ Սարոյանի՝ հունվարի 15-ին դատարան ներկայացրած հայցը, որով նա պահանջել է անվավեր ճանաչել իր ազատումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից և վերականգնել այդ պաշտոնում։ Դատական գործընթացի հաջորդ օրը հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզի դատարանը որոշում է կայացրել վերականգնել նրան նախկին պաշտոնում՝ մինչև գործի վերջնական դատավճիռը։
Նա կարծիք է հայտնել, որ նպատակը կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ։
«Ստացվում է, որ սրանով խոչընդոտում են Եկեղեցու բնականոն գործընթացին, փորձում են խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի գումարմանը, որը պետք է տեղի ունենա Ավստրիայում»,-ասել է նա:
Նա նշել է, որ այդ դեպքում կստացվի, որ «գործադիր իշխանությունը միջամտում է եկեղեցու գործերին, խախտում Սահմանադրության՝ եկեղեցու և պետության անջատ լինելու սկզբունքը»։
Փաստաբանը հայտնել է նաև, որ Վեհափառի կողմից կարգալույծ անելու որոշումը որևէ իրավական ընթացակարգով հնարավոր չէ վիճարկել։
Եպիսկոպոսաց ժողովն անցկացվելու է փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում: