ՀՀ-ում սուր շնչառական վարակների ծանր դեպքերի թիվն ավելացել է

ՀՀ-ում սուր շնչառական վարակների ծանր դեպքերի թիվն ավելացել է

30 հունվարի 2026 – 11:48 AMT

PanARMENIAN.Net – ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1, «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակների դեպքերի ամփոփ վերլուծությունը ցույց է տվել, որ 2026 թվականի 4-րդ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 19-25-ը, գրանցվել է 77 նոր ծանր դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 60 տոկոսով, հայտնում է ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը:

Ծանր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 8.4 տոկոսը, մինչդեռ նախորդ շաբաթ այդ ցուցանիշը եղել է 5.4 տոկոս։

Բոլոր դեպքերի 46.7 տոկոսը՝ 36 դեպք, վերաբերում են մինչև 5 տարեկան երեխաներին, իսկ մնացած 53.3 տոկոսը՝ 41 դեպք, գրանցվել է 5-14 տարեկանների շրջանում։ Ընդհանուր ծանր դեպքերից երեքը՝ բոլորը մինչև 5 տարեկան, տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 7:

ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Համաձայն պաշտոնական հրապարակումների` Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպի АH3N2 և H1pdm09 ենթատեսակի վիրուսները, ինչպես նաև ռինովիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի, բոկավիրուսի հարուցիչները։

Հարկ է նշել, որ տարածաշրջանային մակարդակում 2026թ.-ի հունվարի 12-18-ը գրիպի ակտիվությունը գրեթե չի փոխվել` նախորդ շաբաթվա համեմատ: Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) ամփոփած տվյալների` գրիպով հիվանդների հոսպիտալացումների ամենամեծ մասնաբաժինը շարունակում են մնալ 65 և ավելի բարձր տարիքի անձիք:

Տարածաշրջանում A (H3) գրիպի վիրուսը շարունակում է մնալ շրջանառվող գերակշռող տեսակը (76%), չնայած հայտնաբերվում է նաև A(H1) վիրուսը (24%): Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը դեռևս գերազարցում է 10% համաճարակային շեմը և կազմել է 32%, գրեթե նույնը ինչ նախորդ շաբաթվա ընթացքում: 27 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 34%, ևս 29 երկրներ հաղորդել են առնվազն 10%:

SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը դեռևս ցածր է և կազմումն է 3%:

Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը շարունակում է բարձրանալ` նախորդ շաբաթվա համեմատ, RSV դրական նմուշների մակարդակը կազմել է 9%: Հատկապես բարձրացել է հոսպիտալացված դեպքերի թիվը: Մինչև 5 տարեկան երեխաները դեռևս կազմում են դեպքերի գերակշռող մասնաբաժինը:

Leave a Comment