«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին հունվարի 29-ին հացադուլի հետևանքների պատճառով էին անվասայլակով բերել դատարանի դահլիճ, հայտնել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել՝ սրտի հետ կապված խնդիրներից մինչև ողնաշարային։ Դեռ չեմ խոսում բուն վիրահատություն պահանջող խնդրի մասին, որին հասնելու համար նա դեռ այլ պրոբլեմներ պետք է հաղթահարի»,- գրել է Աբրահամյանը։
Պատգամավորը Սամաոնյանի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուներին է համարում քննիչին, դատախազին ու դատավորին, որոնք, նրա խոսքով, «ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները»։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին նոյեմբերի 13-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Հունվարի 24-ին Սամսոնյանը դադարեցրել էր հունվարի 9-ից սկսած հացադուլը։
