ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Կուբայի կողմից ազգային անվտանգությանն ուղղված «սպառնալիքի» պատճառով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը:
«Կարծում եմ, որ Կուբայի հետ կապված իրավիճակն անսովոր և արտակարգ սպառնալիք է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը», – ասված է Թրամփի հրամանագրի տեքստում, որը Սպիտակ տունը հրապարակել է հունվարի 29-ին:
Թրամփի խոսքով՝ Կուբայի ռեժիմը համագործակցում է «բազմաթիվ թշնամական երկրների» հետ, որոնց թվում նշված են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, ինչպես նաև «անդրազգային ահաբեկչական խմբավորումների և չարամիտ սուբյեկտների հետ, որոնք թշնամաբար են տրամադրված Միացյալ Նահանգների նկատմամբ»:
Ըստ Թրամփի հրամանագրի՝ առաջարկվում է լրացուցիչ տուրք գանձել այն ապրանքների ներմուծումից, որոնք այն օտարերկրյա պետությունների արտադրանքն են, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառում կամ այլ կերպ նավթ են մատակարարում Կուբա:
Առևտրի նախարարությանը հանձնարարվել է որոշել այն երկրների ցանկը, որոնք կարող են նավթ մատակարարել Կուբային:
Թրամփը հունվարի 28-ին հայտարարել էր, որ Կուբան փլուզման եզրին է՝ վենեսուելական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։ Նրա խոսքով՝ Հավանան նախկինում փող ու նավթ էր ստանում Վենեսուելայից, բայց հիմա զրկվել է դրանից:
