Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիին վստահեցրել է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում վերջին շրջանում լարվածությունը մտահոգիչ է։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ կոչ է արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են անկայունություն առաջացնել Իրանում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ուղղված տարբերակներ, որոնք ներառում են անվտանգության ուժերին և առաջնորդներին թիրախային հարվածներ հասցնելը՝ ցուցարարներին ներշնչելու համար։
Հունվարի 26-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը և օժանդակ նավերը հասել են Մերձավոր Արևելք։ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան»։ Նրա խոսքով, ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է «արագ կատարել իր առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում՝ ուժ և բռնություն կիրառելով»։ Այս ֆոնին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փետրվարի 1-ին և 2-ին Հորմուզի նեղուցում կանցկացնի մարտական կրակով զորավարժություններ։
