Ադրբեջանն սկսել է Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքով» երկրի գլխավոր էլեկտրացանցին միացնող էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով AzerEnergy-ին։
Ընկերության տվյալներով՝ «Զանգեզուրի էլեկտրահաղորդման գծի» նախագծի շրջանակներում ընկերությունը տեղադրում է երկու 1000 ՄՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գիծ՝ մեկը Ջաբրայիլից մինչև Աղբենդ (74 կմ երկարությամբ), մյուսը՝ Նախիջևանից մինչև Օրդուբադ (105 կմ երկարությամբ)։ Նախագծի հաջորդ փուլը ներառում է «Զանգեզուրի միջանցքով» 44 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը կմիանա Աղբենդ-Օրդուբադ գծերին։
Նախագծի մեկ այլ հայտարարված նպատակ է Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև միջազգային էներգետիկ միջանցքի ձևավորումը, որը, ի վերջո, կներառի Նախիջևանից մինչև Թուրքիա 230 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման գծի կառուցումը։
Նշվում է, որ նախագիծը համարվում է Ադրբեջանի պատմության «ամենամեծ էներգետիկ նախագծերից մեկը» և ունի «ռազմավարական նշանակություն» Նախիջևանը երկրի էներգետիկ համակարգին ինտեգրելու, ինքնավար մարզի կախվածությունը օտարերկրյա պետություններից վերացնելու և եվրոպական էներգետիկ շուկաներ մուտք գործելու առումով։
2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի տարածքում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը «մոտ է ավարտին»։ 2026 թվականի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիացվեն TRIPP նախագծի շրջանակներում։
