Ընտրությունը կայանում է ինքնիշխան ժողովրդավարության կամ հնազանդության տանող ավտորիտար ուղու միջև, և մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը, Բրյուսելում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ժողովրդավարական բարեփոխումների րակարգին։
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քննարկմանը։ Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը, մասնակցել են քաղաքական խմբակցությունների մեծամասնության պատգամավորներ, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը, «Եվրանեսթ» ԽՎ համանախագահը և Հայաստանի հարցերով զեկուցողը։
Նշվում է, որ քննարկմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, առկա ձեռքբերումներին: Ընդգծվել է տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ներառական ցանցի ապահովման կարևորությունը:
Միրզոյանը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ։
Այսօր ավելի վաղ Միրզոյանը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել էր գերիների հարցին, խաղաղության պայմանագրի գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին։
