Պապոյանը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները

Պապոյանը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները

29 հունվարի 2026 – 18:16 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ հանդիպմանը քննարկել է հայ-բուլղարական տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղիները։

«Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում, կարևորում է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում մենք մեծապես կարևորում ենք Բուլղարիայի փորձը եվրոպական ինտեգրման հարցում և պատրաստակամ ենք ընդլայնել գործնական տնտեսական համագործակցությունը Բուլղարիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերում»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը դեսպանին ներկայացրել է տնտեսության զարգացման առաջնահերթությունները՝ շեշտադրելով արտահանման շուկաների բազմազանեցման անհրաժեշտությունը, տեղական արտադրանքի որակի բարելավման կարիքը և դրա համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP տարածաշրջանային նախաձեռնությունները՝ դրանց մեջ առանձնացնելով տնտեսական համագործակցության խթանման և կայուն խաղաղության հաստատման ներուժը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment