
Քննչական կոմիտեն հաղորդում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելու փաստով քրեական վարույթ նախաձեռնելու մասին:
Քննչականը նշում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաղորդման համաձայն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակում հունվարի 16-ին տրված կատարողական թերթով «արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը»:
Այնուհետև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը: Հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն: «Մինչդեռ նման պայմաններում, Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը», – նշում է Քննչականը:
«Հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի և 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ», – ասված է հաղորդագրությունում:
ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասով «դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով», պատժվում է տուգանքով, կամ հանրային աշխատանքներով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամսով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարով: 46-507-րդ հոդվածը վերաբերում է նշված արարքներին հանցակցությանը:
Եկեղեցու բարենորոգում կոչվող շարժմանը միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Ամենայն Հայոց կաթողիկոսը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատեց հունվարի 10-ին, բարձրաստիճան հոգևորականը դատի տվեց Հայ Առաքելական եկեղեցուն: